ԳԹԿ-ն հետամուտ է 9-րդ դասարանի քննությունների թեստերի արտահոսքի մեղավորներին բացահայտելու գործին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2010 15:28

Հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանի մի քանի առարկաներից ավարտական եւ փոխադրման քննությունների թեստերի արտահոսքի հեղինակներն անպայմանորեն կպատժվեն, իսկ նրանց բացահայտման գործընթացին Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հետամուտ կլինի: Ինչպես այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, ԳԹԿ-ն է նկատել դա եւ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը` պարզելու, բացահայտելու հեղինակներին: «Եթե նման մարդ կա մեր կոլեկտիվում, որ դիմում է այդպիսի քայլերի, ապա նա պետք է անպայման պատժվի, որպեսզի հետագայում նման երեւույթները կանխենք»,- ասաց նա:

Այն հարցին, թե կոնկրետ որ դպրոցում են հայտնաբերվել թեստերի արտահոսքի դեպքեր, ԳԹԿ տնօրենն ասաց, որ դա համատարած բնույթ է կրել, թեստերի օրինակները տարբեր դպրոցներ են տարածվել, սակայն ահազանգը եղել է Երեւանի թիվ 114 դպրոցի ուսուցչուհիներից մեկից, ով համագործակցում է ԳԹԿ-ի հետ: Գ. Խաչատրյանն ավելացրեց նաեւ, որ համոզված չեն, որ մեղավորները ԳԹԿ-ից են, դա վարկածներից մեկն է: Նա չի բացառում, որ ուրիշ օղակներից են եղել տարածողները, ինչն ավելի շուտ դիտարկվում է որպես միտումնավոր վնաս ԳԹԿ-ին:

Դիտվել է 3472 անգամ:
Print Friendly

Leave a Reply