ՀՀ ազգային գրադարանի 7 մլն-ի հասնող ֆոնդի 60-70 տոկոսը ռուսերեն լեզվով է
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | հունիսի 23, 2010 15:23
Հայաստանի ազգային գրադարանի 7 մլն-ի հասնող ֆոնդի 60-70 տոկոսը ռուսերեն լեզվով է: Ինչպես նշեց Գրադարանային ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, հիմնականում դրանք ուսումնական, գիտական եւ տեղեկատվական գրքեր եւ նյութեր են: Հայաստանի ազգային գրադարանը օրական սպասարկում է շուրջ 1000 ընթերցողի: Ըստ Դ. Սարգսյանի` վերջին տարիներին առավել շատ կարդում են ուսումնական եւ տեղեկատու գրականություն, իսկ ընթերցված գեղարվեստական գրականության 50 տոկոսը հանձնարարված է:
«Գրականությունը վայելելու ընթացքը պարտադրանքի ուժ է ստացել»,-ասաց Դ. Սարգսյանը: Անդրադառնալով մարզային գրադարանների գործունեությանը` նա նշեց, որ կա «գյուղը կորցնելու մեծ վտանգ», քանի որ դրանց մեծամասնությունում ոչ մի մշակութային, դաստիարակչական-կրթական հաստատություն չկա: Դավիթ Սարգսյանը ավելացրեց նաեւ, որ կան գյուղեր, որտեղ գյուղապետի որդեգրած քաղաքականության շնորհիվ գյուղը ապրում է մշակութային կյանքով: Նա վերջին շրջանում միտում է նկատում, ըստ որի` գյուղական գրադարանները փակվում են եւ միացվում դպրոցական գրադարաններին, որը, ըստ Դավիթ Սարգսյանի, իր բացասական հետեւանքները եւս կբերի:





Facebook
Tweet This