ԵԽԽՎ նախագահի մոտ հանդիպում` Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 23, 2010 11:47
ԵԽԽՎ նախագահի մոտ հունիսի 22-ին, ինչպես եւ ծրագրված էր, տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ: Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմի առաջարկության համաձայն հերթական խորհրդակցությունը տեղի է ունեցել ընդլայնված կազմով` երկու կողմից էլ մասնակցել են ընդդիմության մեկական ներկայացուցիչ: Հայկական կողմից մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Դավիթ Հարությունյանը, ադրբեջանական կողմից` Սաբիր Հաջիեւը եւ Սամադ Սեիդովը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի խոսքով` առաջընթաց կարելի է համարել այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ողջամիտ գտնվելով, ընդունեց, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, եւ որ ԵԽԽՎ որեւէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձեւաչափը:
«Մեր հիմնական պնդումը եղել եւ մնում է նույնը` կողմերի միջեւ խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին, մասնավորապես` ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ համապատասխան փորձ եւ ինստիտուցիոնալ կարողություն չունենալով ինչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ որեւէ ձեւաչափ հակամարտության կարգավորման հարցում: Շտապողականությունը այս հարցում անընդունելի է եւ վտանգում է ԵԽԽՎ վարկը: Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները:Այս ամենի լույսի ներքո ընդունվեց մեր առաջարկությունը կողմերի միջեւ խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Մենք առաջարկեցինք նաեւ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամներին: Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը միշտ բացառել է ցանկացած ձեւաչափով որեւէ համագործակցություն:
Ակնկալում ենք, որ Բաքուն պաշտոնապես կհաստատի երկու պատգամավորների արտահայտած այդ դիրքորոշումը: Ցանկանում ենք վերահաստատել, որ մենք մասնակցում ենք այս խորհրդակցություններին այն գիտակցությամբ, որ մեր ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի առաջացումը անհրաժեշտ միջավայր է ստեղծում արդյունավետ բանակցային գործընթացի համար»,-հայտարարել են Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը:






Facebook
Tweet This
Email This Post
