Հայերը պետք է խիզախ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկեն թշնամական գործողություններին հակազդելու համար

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 23, 2010 11:13

Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում բազմաթիվ օտար զավթիչների կողմից ենթարկվելով զանազան հալածանքների, գոյատևելու ուժեղ բնազդ է ձեռք բերել: Վտանգներից խուսափելու համար հայերը սովորել են հավատարիմ լինել իրենց իշխող երկրներին և նույնիսկ դառնալ նրանց կամակատարը:

Չնայած հայ ժողովրդի տարած բազմաթիվ «բարոյական հաղթանակներին», նրա ռազմական հաջողությունները հազվադեպ են: Պետք է երկու հազարամյակ հետ վերադառնալ` հայ տիրակալ Տիգրան Մեծ արքայի (մ.թ.ա.140-55) նվաճումների եզակի օրինակը բերելու համար, որի լայնատարած կայսրությունը ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Նոր դարաշրջանում, նախքան Հայոց ցեղասպանությունը, հայ ֆիդայինները մարտնչել են մարդասպան թուրքերի և վարձկան քուրդերի դեմ: Ցեղասպանության ժամանակաշրջանում (1915-1923) Շապին Գարահիսարի, Ուրֆայի, Մուսա լեռան, Վանի, Այնթափի, Հաճնի, Սասունի և Զեյթունի հայերը քաջաբար ինքնապաշտպանության են դիմել, մինչդեռ նրանց 1,5 միլիոն հայրենակիցները կոտորվել են գառան պես: Սարդարապատի հերոսական ճակատամարտը փրկեց հայ ժողովրդի մնացած մասն Արևելյան Հայաստանում և ավարտվեց Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմամբ 1918 թվականին: Վերջապես, 1988 թվականից սկսած, հայ ժողովրդի քաջարի զավակները մարտնչելով Ադրբեջանի շատ ավելի մեծ ու ավելի լավ սպառազինված զինուժի դեմ, ազատագրեցին Արցախը:

Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին արևմտյան շատ միսիոներներ, վաճառականներ, գրողներ ու ճանապարհորդներ իրենց հանդիպած հայերին նկարագրում էին որպես «հլու հնազանդ»: Հայ-կանադական Keghart.com կայքն անցյալ շաբաթ իր խմբագրականում մեջբերում է կատարել դոկտ.Վիլյամ Գուդելի՝ 1871 թվականի Կոնստանդնուպոլիսի հայերի մասին նկարագրությունից. «Չորսդարյա տառապանքները, հալածանքներն ու տագնապը խոր հետք են թողել ողջ համայնքի վրա… հարատև վախը, տանջանքներն ու նվաստացումները ջնջել են արիության բոլոր հետքերը… Միայն ավելի երջանիկ ժառանգների մի քանի սերունդներ կարող են մաքրել ստրկության երկար տարիների ընթացքում ձեռք բերված մտավոր արատները»:

Ցավոք, շատ հայեր դեռևս պետք է թոթափեն իրենց հոգում խորապես արմատացած «ստրկական մտածելակերպը», որը ժառանգել են դարեր շարունակ օտարի լծի տակ ապրած իրենց նախնիներից: Սփյուռքի համայնքներում և Հայաստանում կարելի է ականատես լինել նման վարքագծի բազմաթիվ օրինակների: Հաճախ հայերը հլու հնազանդ տանում են իրենց հանդեպ կատարված բազում անարդարություններն ու վիրավորանքները:

Ժամանակն է, որ հայերը դեն նետեն իրենց կապանքներն ու պաշտպանեն իրենց տարրական իրավունքները: Նրանք չպետք է լուռ մնան ի դեմս չարաշահումների կամ ֆիզիկական հարձակումների, այլ համապատասխանաբար արձագանքեն` զերծ մնալով այնպիսի հապճեպ գործողություններից, որոնք կարող են վտանգել իրենց համայնքները կամ հայրենիքը:

Օրինակ, Միացյալ Նահանգներում, երբ պետական պաշտոնյաները, լրագրողները կամ գրողները աղավաղում են Հայոց ցեղասպանությունը, ապա նրանք պետք է խստորեն քննադատվեն ու վարկաբեկվեն, որպեսզի ուրիշները ձեռնպահ մնան Ցեղասպանության նման ժխտումներից:

Հայերի կրավորականության ամենաթարմ օրինակը նրանց թույլ պատասխանն էր` անցյալ շաբաթ Արցախի վրա ադրբեջանական զինված ուժերի կատարած գիշերային հարձակմանը, որի արդյունքում չորս հայ զինծառայող զոհվեց, նույնքանն էլ` վիրավորվեց: Զոհվածներին ցավակցություն հայտնելուց և հարձակումը դատապարտելուց բացի, Հայաստանի իշխանությունները որևէ գործնական քայլի չդիմեցին:

Ի պատասխան այս լկտի և առանց դրդապատճառների հարձակման, Հայաստանը պետք է չեղյալ հայտարարեր իր մասնակցությունն Արցախի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հաջորդ փուլին: Բացարձակապես անընդունելի է խաղաղ բանակցությունների վարումը, երբ Ադրբեջանը ռազմական միջոցների է դիմում: Այս իրավիճակում հայերն իրավունք ունեն ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները հետագա հարձակումներից պաշտպանվելու համար: Միայն դատապարտող հայտարարություն անելու փոխարեն, հայկական կողմը պետք է այնպիսի պատժիչ կանխարգելիչ հարվածներ հասցներ, որ ադրբեջանցիները հաջորդ հարձակումը ծրագրելուց առաջ շատ երկար ու խորը մտածեն: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ցանկացած հետագա ագրեսիա իր հերթին.
հանգեցնելու է խաղաղ բանակցությունների ժամանակավոր կասեցման և ոչ թե արագացման, հետաձգելով հակամարտության լուծումը:
ի վերջո դրդելու է Հայաստանին հրաժարվել խաղաղ կարգավորման բոլոր բանակցություններից, քանզի Հայաստանը դրանցից ոչինչ չի շահում: Ադրբեջանը ինքը կարիք ունի այդ բանակցությունների` Հայաստանից զիջումներ կորզելու համար:
ազդարարելու է աշխարհին, որ Ադրբեջանի կառավարությունը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ բանակցություններով կարգավորմանը և պատասխանատու է դրանց ձախողման համար:
վարկաբեկելու է միջնորդ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բարեխիղճ ջանքերը:
ստիպելու է Հայաստանին ռազմական գործողություններ ձեռնարկել, ինչի հետևանքով կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն, անգամ կվնասվեն նավթամուղերը` Ադրբեջանին հետագա հարձակումներից հետ պահելու համար:

Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքն այլևս Օսմանյան կայսրությունում չի ապրում և ոչ մեկի ստրուկը չէ: Հայերը պետք է թոթափեն իրենց հոգեբանական կապանքներն և անհրաժեշտ բոլոր միջոցներով պաշտպանեն իրենց ազգային շահերը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply