Այսօր միասնական քննությունների վերջին օրն է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2010 11:06

Այսօր ՀՀ և ԼՂՀ 13 քննական կենտրոններում 1048 դիմորդներ քննություն են հանձնում ռուսերենից. սա միասնական քննությունների 1-ին փուլի վերջին քննությունն է:

Մայրաքաղաքի միակ քննակենտրոնը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում է: Այստեղ քննության հայտ ներկայացրած 157 շրջանավարտներից այսօր քննությանը ներկայացել էին 141-ը, 16-ը բացակայում էին:

Քննական կենտրոնի ղեկավար Նարինե Բայադյանի խոսքով շրջանավարտներն արդեն իսկ ունեն քննություն հանձնելու որոշակի փորձառություն, ուստի այսօրվա քննությունից ակնկալվում է ավելի բարձր արդյունք:

Ծնողներն այսօր հանգիստ էին, հավաքվել էին սենյակում, որտեղ մոնիտորն է տեղադրված և լուռ հետևում էին քննության ընթացքին:

Տիկին Փառանձեմի դուստրն այսօր հանձնում է իր վերջին քննությունը` ապագա հոգեբանն արդեն իսկ հանձնել է քննություն կենասբանությունից և հայոց լեզվից: «Աղջիկս կենսաբանությունից շատ գոհ էր, հայոց լեզվից էր դժգոհում, որ բարդ է եղել: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ քննություններից և հույս ունեմ, որ այսօրվա քննությունը հեշտ կլինի»,- ասում է Փառանձեմը:

Տիկին Ադրինեի որդին էլ այսօր հանձնում է իր 2-րդ միասնական քննությունը: Մանկավարժական համալսարան դիմած երիտասարդը մինչ այս քննություն է հանձնել հայոց լեզվից և ստացել 8 միավոր: «Հայոց լեզվից հետո տղաս սթրեսների մեջ էր: Ոչ թե ցածր գնահատականից էր նեղվում, այլ թեստերի բարդությունից, որ ինքն այդքան հարցի պատասխան չի իմացել,- ասում է Ադրինեն,- Հազիվ է ուշքի եկել ու այսօր քննության ներկայացել: Հույս ունեմ, որ ռուսերենի քննությունը հեշտ կլինի»:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն, ամփոփելով միասնական քննությունների հիմնական փուլը,  ասում է, որ կազմակերպական առումով այս տարվա քննությունները ավելի լավ են անցել, քան նախորդ տարիներին. այս տարի դիմորդները քննասենյակում միմյանց հետ խոսելու, իրաի հուշելու հնարավորություն չեն ունեցել, քննության ավարտին հերթով են մոտեցել պատճենահանող սարքին, ուստի չեն կարողացել միմյանցից արտագրել վերջին պահին, բացի այդ` այս տարի թեստերի հեղինակները 2 տարբերակ են կազմել, ինչը ևս նվազեցրել է միմյանցից արտագրելու հնարավորությունը:  Ըստ Խաչատրյանի` այս գործոնները  դերակատարություն են  ունեցել բոլոր առարկաներից ցածր միջին գնահատականի ձևավորման գործում: «Այս տարվա դիմորդները երևի նաև  ավելի թույլ են, հետագայում վերլուծություն կկատարվի»,- ասում է Խաչատրյանը:

Դիտվել է 1784 անգամ:
Print Friendly

Leave a Reply