Հանրահավաք` քաղբանտարկյալների ազատվելու առիթով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 2, 2009 23:44

mhm42537_copyԱյսօր Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի քաղբանտարկյալների ազատ արձակվելու առիթով կազմակերպած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց,որ իշխանությունը համաներումը փորձում է ներկայացնել` որպես բարի կամքի դրսևորում, որ այդպես չէ:

«Եթե բարի կամքի դրսևորում լիներ, ապա այդ քայլը կաներ մեկ տարի առաջ,-ասաց Տեր-Պետրոսյանը,-Հիմա այն ճարահատյալ զիջում է` ԵԽԽՎ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից խուսափելու համար, իսկ իշխանությունը սրանով արտացոլեց իր կիսատպռատությունը, քանի որ համաներումը չտարածվեց բոլոր քաղբանտարկյալների վրա»:

Նա նաև ասաց, որ համաներմանը նպաստեցին նաև քաղաքապետի վերջին ընտրությունները, որին իրենց կուսակցությունը մասնակցեց մի նպատակով` ընտրակեղծիքների ճչացող ու բացահայտ լինելը ցույց տալու համար:

Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ «հեշտ չէր դիմանալ իշխանության կողմից իրականացվող հոգեբանական ճնշմանը, երբ իր զինակիցները բանտում էին, բայց իրենք կարողացան շրջանցել` համախոհ ժողովրդի աջակցության ու բանտում հայտնված քաղբանտարկյալների ամուր կամքի շնորհիվ»:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան նաև բանտից նոր ազատված Աշոտ Զաքարյանը, Լ.Տեր-Պետրոսյանի  նախընտրական շտաբի պատասխանատու Դավիթ Մաթևոսյանը, Միասնիկ Մալխասյանն, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Միասնիկ Մալխասյանն իր ելույթում ասաց, որ հակառակորդ ադրբեջանցիները կերազեին` բանտարկված տեսնել Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, իսկ իշխանությունը իրականացրեց նրանց երազանքը և այն պատմության էջերից չի ջնջվելու: Նախկին Ջհանգիրյանն էլ կրկնեց Տեր-Պետրոսյանի ասածը,  որ իրենք ազատության մեջ են հայտվել ժողովրդի և միջազգային կառույցների կողմից գործադրված ուժի շնորհիվ: Նա նաև ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ բանտում գտնվող իր մյուս ընկերներն ի սկզբանե դեմ են եղել համաներմանը, քանի որ այն կիրառվում է հանցագործների համար, իսկ իրենց դատել են քաղաքական հայացքների համար:

mhm42541

Լևոն Տեր-Պետրոսյան

Բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում հիշատակեցին կալանավայրերում գտնվող 19 քաղբանտարկյալներին` հատկապես երեկ ոստիկանությանը հանձնված «Հայկական ժամանակի» խմբագիր ՆԻկոլ Փաշինյանին:

Հանրահավաքի ավարտին առաջին նախագահը կոչ արեց ժողովրդին` երդվել, որ իրենք չեն հոգնելու, չեն նվնվալու, չեն հուսալքվելու, իսկ մնացյալը ժամանակի խնդիր է: Նա հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբեր կայանալիք հանրահավաքը` հնարավոր է` ևս մեկ հանրահավաք լինի` կապված ԼՂ գործընթացում լուրջ զարգացումների հետ:

Հանրահավաքն ավարտվեց երթով `Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց- Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց և Հյուսիսային պողոտա երթուղով:

Հանրահավաքի մասնակիցները ավելի քիչ էին քան նախորդին, Մատենադրանի դիմացի փողոցը բաց էր մեքենաների երթևեկության համար:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply