Կին ահաբեկիչները, նախքան մահվան գնալը, կոչ են արել հետևել իրենց օրինակին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 22, 2010 21:30
Բրիտանական The Sunday Times թերթը հրապարակել է տեսաերիզներ, որտեղ անձնասպան կին ահաբեկիչներ Ջանեթ Աբդուրախմանովան ու Մարիամ Շարիպովան, ովքեր մարիտի 29-ին մոսկովյան մետրոյում պայթեցրել էին իրենց, կոչ են անում կանանց հետևել իրենց օրինակին` դառնալով կենդանի պայթուցիկներ:
Տեսաերիզում երկու անձնասպան կանայք ամբողջովին ծածկված են եղել սև փարաջայով, այնպես, որ հնարավոր չի եղել տարբերել նրանց: Տեսաերիզները հայտնվել էին իսլամական Imamtv կայքում դեռևս մայիսի 30-ին, սակայն ինչպես հայտնում է NEWSru.com կայքը, ԱՊՀ երկրներից այդ տեսաերիզները տեսնելու հնարավորություն չկար:
Տեսաերիզում 17-ամյա Ջանեթ Աբդուրախմանովան, նստած գորգի վրա և հենված ավտոմատ հրացանին, ասում է, որ Ալլահի հետ պայմանագիր է կնքել` դրախտում տեղ ունենալու համար: Երկրորդ տեսաերիզում` նկարահանված նույն վայրում, մյուս կինը նույնպես խոսում է անձնասպան լինելու իր որոշման մասին: Հատուկ ծառայությունները պարզել են, որ 28-ամյա կինը` Մարիամ Շարիպովան, Դաղստանի զինված ընդհատակի առաջնորդներից մեկի` Մահոմեդալի Վահաբովի կինն է:
Թերթը նշում է, որ տեսաերիզում Շարիպովան ավելի պակաս ինքնավստահ է, քան իր կրտսեր հայրենակցուհին. ժամանակ առ ժամանակ նա խորը շունչ է քաշում, կորցնում մտքի թելը և թվում է` նա համակերպվել է ոչ թե ոգեշունչ գաղափարի, այլ իր ճակատագրի հետ, սակայն Մարիամը ևս կոչ է անում կանանց` հետևել իր օրինակին:
Մարտի 29-ին Շարիպովան պայթեցրել էր ինքն իրեն մոսկովյան մետրոյի «Лубянка» կայարանում, իսկ 40 րոպե անց «Парк культуры»-ում իրեն պայթեցրել էր Աբդուրախմանովան:
Ահաբեկչական երկու գործողությունների հետևանքով զոհվել էր 40 մարդ, շուրջ 100 մարդ վիրավորվել: Ինքնաշեն պայթուցիկ միջոցների հզորությունը «Лубянка» կայարանում համարժեք էր մինչև 4 կգ տրոտիլի, իսկ «Парк культуры»-ում` շուրջ 2 կգ-ի:
Դաղստանի որոշ աղբյուրներ նշում են, որ Ջանեթ Աբդուրախմանովայի գաղափարական նախապատրաստումը սկսվել էր դեռևս 15 տարեկան հասակում, երբ նա համացանցի միջոցով ծանոթացել էր Ումալաթ Մահոմեդովի հետ: Աբդուրախմանովան ամուսնացել է Մահոմեդովի հետ, ով տասնչորս տարի մեծ էր նրանից:
Անցյալ տարվա դեկտեմբերին հատուկ գործողությունների ընթացքում Մահոմեդովը սպանվել է, որից հետո նրա կնոջը` Աբդուրախմանովային, նախապատրաստել են ահաբեկչական գործողության:






Facebook
Tweet This
Email This Post
