Կինոռեժիսոր Արմեն Ռոնովը չմասնակցեց այսօրվա ասուլիսին. hանդիպման վայրը նրան սխալ էին ասել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 2, 2009 19:38

mkrtchyan_ronov1Այսօր հայ կինոռեժիսորներ Արմեն Ռոնովի ու Հովհաննես Գալստյանի պետերբուրգյան ու մոսկովյան կինոփառատոններում մասնակցության արդյունքները ներկայացնելու համար հավաքվածների մեջ չկար Ռոնովը. նրան «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի փոխարեն ասել էին, որ հավաքվելու են «Գոլդեն Փելես-ում»:

Ուշացումով տեղ հասած Ռոնովն այլևս ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունեցավ` իր հաջողություններով կիսվելու ներկաների հետ:

«Նման վերաբերմունք իմ նկատմամբ առաջին անգամ չէ ցուցաբերվում Հայաստանում»,-հեգնանքով ասաց Ռոնովը:

Երիտասարդ հայ կինոռեժիսոր Արմեն Ռոնովի «Աննա Կարենինա» հեղինակային գեղարվեստական ֆիլմը «Ոսկե Ծիրանում» մերժվելուց մեկ ամիս անց Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» միջազգային ամենամյա փառատոնում արժանացավ հատուկ մրցանակի`«կինոյում նոր խոսքի որոնման համար»:

«Անկախ»-ի հետ զրույցում Ռոնովն ասաց, որ իր ֆիլմը «Ոսկե Ծիրանում» մերժել են` որակելով «հակաքրիստոնեական, ոչ էսթետ, ոչ հայկական և այլն»:

«Համատարած անտարբերությունն իմ արվեստի նկատմամբ հայկական կինոաշխարհում դեռ երկար կշարունակվի,-ասում է ռեժիսորը,-սակայն ես չհասկացվելու խնդիր ունեմ միայն Հայաստանում. Եվրոպայում ինձ վաղուց են հասկացել»:

Ռոնովի ֆիլմի հաջողության մասին լրագրողներին ներկայացրեց նրա ֆիլմերի պրոդյուսեր Գուրգեն Գադաչիկը` նշելով, որ պետերբուրգյան փառատոնում ֆիլմն ընդունվել է հավուր պատշաճի:

«Սանկտ-Պետերբուրգում շատ նշանավոր ռեժիսորներ պարզապես զարմացած ու հիացած էին այդ ֆիլմով,-ասաց նա,-Ցավալին այն է, որ ֆիլմը դեռևս չեն ընկալում հայ կինոմիջավայրում»:

28 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմում, որի գլխավոր դերակատարներից մեկը Վլադիմիր Մսրյանն է, ռուս նշանավոր գրող Լ• Տոլստոյի վեպի սյուժեն ներկայացված է նոր խոսքով ու ոճով:

Հարություն Խաչատրյանը, ասելով, որ «ռուսական կինոոլորտում շովինիզմը գերակայում է, և լավ է, որ հայկական ֆիլմերին նմանատիպ փառատոնին գոնե մասնակցելու հնարավորություն են տվել», հեռացավ սրահից. շտապում էր:

Հավաքվածները չհասցրին հարցնել Խաչատրյանին, թե «արդյոք մեզ է՞լ պետք չէ մի քիչ շովինիստ լինել, որպեսզի մեր ռեժիսորների ֆիլմերը մերժելու փոխարեն նրանց առաջ գնալու հնարավորություն տրվի»:

Արմեն Ռոնովն ապրում և ստեղծագործում է նաև Միլանում. նա  ստեղծագործական լուրջ կապեր ունի իտալական կինոաշխարհի հետ: Բայց ուզում է ստեղծագործական կյանքը շարունակել Հայաստանում` հույս ունենալով, որ ժամանակը կկոտրի կարծրատիպերը, և դրական դաշտ կստեղծվի նաև ոչ ստանդարտ արվեստի համար:

Դիտվել է 3138 անգամ:
Print Friendly

Leave a Reply