«Սևանա լճի բարձրացումը լուծում է նաև տնտեսական մի շարք խնդիրներ»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2010 17:40

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 67 սմ-ով և հասել 1900,1 մետրի: Սևանա լճի բարձրացումը, ոչ միայն բնապահպանական առումով փրկում է Սևանը, այլև լուծում է տնտեսական մի շարք խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

«Օրենքով սահմանված է, որ Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա մինչև 1903,5 մետր: Հենց սրա շնորհիվ էլ մենք կունենանք 8 մլրդ մ3 լրացուցիչ ջուր և ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ ջուրը պահպանվի հենց Սևանա լճում: Մենք ունենք 79 ջրամբար, որոնք կարելի է այդ նպատակով օգտագործել»,-հայտնեց Վլադիմիր Մովսիսյանը: Ըստ նրա` լճի աննախադեպ բարձրացումը պայմանավորված է եղանակի կտրուկ փոփոխությամբ, ինչպես նաև Արփա-Սևան թունելի շինարարական աշխատանքների դադարեցմամբ, քանի որ անցած տարվա համեմատ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ 62 մլն մ3 –ով ավելի ջուր է տեղափոխվել:

«Բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ մենք տարվա վերջում ունենալու ենք ջրի մակարդակի նվազեցման գործոններ` ոռոգման համար օգտագործվող ջրերի բացթողումը, Արփա-Սևան թունելի շինարարական աշխատանքների վերսկսումը, որի հետևանքով էլ կդադարեցվի ջրամբարներից ջրի տեղափոխումը լիճ»,-ասաց Վ. Մովսիսյանը: ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահն անդրադարձ կատարեց նաև Սևանա լճի բարձրացման հետևանքով առաջացած խնդիրներին, որոնցից ամենագլխավորը, ըստ նրա, ջրի տակ մնացած շինությունների և անտառների խնդիրն է:

«867 հա տարածք ընդգրկող անտառներ անցել են ջրի տակ: Դրա համար նախատեսում ենք գնել հատուկ սարքավորումներ, որոնցով կմաքրվեն այդ տարածքները: Իսկ այն ճանապարհների փոխարեն, որոնք լճի բարձրացման հետևանքով մնացել են ջրի տակ, կկառուցվեն նոր ճանապարհներ»,-նշեց Վ. Մովսիսյանը: Իսկ ինչ վերաբերում է շինություններին, ապա դրանք պետք է տեղափոխվեն դրանց տերերի միջոցներով:

«1905 մետրից ներքև գտնվող գոտում կա 1697 շինություն, որոնցից 481-ն ունի պետական գրանցում, մնացածը` ոչ: Մեր մոտեցումը միանշանակ է` պետք է քանդվեն կամ տեղափոխվեն այդ բոլոր շինությունները»,-նշեց նա: Հանձնաժողովը նաև քարտեզագրել է Սևանա լճի ողջ տարածքը, որտեղ մանրամասն նշված են բոլոր շինություններն ու անտառները:

Դիտվել է 2613 անգամ:
Print Friendly

Leave a Reply