Հանդիպել են Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2010 16:56

Պաշտոնական  այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ համագործակցության բազմակողմ ձեւաչափերի հնարավորություններն իրացնելուն առնչվող հարցեր:

ՀՀ  Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներն առաջ են մղում քաղաքական երկխոսությունը եւ հնարավորություն ընձեռում խորացնելու Գերմանիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հայ-գերմանական համագործակցությունը դիտարկում է նաև որպես կարևոր բաղադրիչ եվրաինտեգրման գործընթացում:

Կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանը` նշելով, որ Հայաստանում մոտ ութ տասնյակ գերմանական կապիտալով ընկերությունների առկայությունը լավ հիմք է` ընդլայնելու համագործակցությունը ներդրումային ոլորտում:

Խոսվել  է նաեւ Գերմանիայի կառավարության  կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցության մասին: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանի հետ համագործակցող դոնոր երկրների շարքում Գերմանիան երկրորդն է աջակցության ծրագրերի ծավալով, եւ որ այդ ծրագրերը էական նշանակություն ունեն մեր տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների առումով:

Նախագահ Սարգսյանն ու կանցլեր Մերկելը քննարկել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Սերժ Սարգսյանը ողջունել է Գերմանիայի հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Նախագահ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ Ադրբեջանը չի խորշում անընդհատ բարձրաձայնել այն ռազմական ճանապարհով լուծելու անթաքույց նկրտումների մասին, այդպիսով վտանգելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլև տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ՀՀ Նախագահն ափսոսանք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորմանն ու Եվրոպայում վերջին փակ սահմանի բացմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը մնացին անարդյունք Թուրքիայի` գործընթացն այլ նպատակներով օգտագործելու եւ բանակցությունների համաձայնեցված սկզբունքներից հրաժարվելու պատճառով:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առանց նախապայմանների առաջ շարժվելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու   անհրաժեշտությունը,:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը  եւ կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել մամուլի կարճատեւ ասուլիսով:

Դիտվել է 2042 անգամ:
Print Friendly

Leave a Reply