Ըստ ԿԳ նախարարի` հնարավոր չէ ամբողջությամբ հրաժարվել հատուկ դպրոցների համակարգից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2010 15:11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ԿԳՆ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդամների և հատուկ դպրոցների տնօրենների հետ:

Նախարարի հրամանով ձևավորված խմբի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների պաշտպանության հասարակական մշտադիտարկման իրականացումն է, հատուկ ուսումնական հաստատություններում երեխայի իրավունքների խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելմանն ուղված առաջարկությունների ներկայացումը:

Նախարարը նշել է, որ նախարարություն-տնօրեն-հասարակական խորհուրդ համատեղ աշխատանքը միտված է մեկ ընդհանուր նպատակի` հատուկ հանրակրթական համակարգում սովորող երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում նաև կրթության իրավունքի ապահովմանը: «Ցավով պետք է նշել, որ հատուկ հանրակրթական համակարգում կրթության իրավունքի ապահովման խնդիրն այսօր միակը չէ, որ արդիական է: Կան բազում այլ խնդիրներ, որոնց լուծման տարբերակները նախարարությունը պատկերացնում է քաղաքացիական երկխոսության միջոցով, և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավ ումը նախարարությանը թույլ կտա իր գործառույթներն ու պարտականություններն իրականացնել համարժեք և ավելի մեծ ծավալով; Մեր առաքելությունը մեկն է` երեխայի իրավունքների պաշտպանություն, սակայն այդ առաքելության իրականացման մեջ յուրաքանչյուրս ունենք մեր պարտավորությունները»,-նշել է նախարարը` հավելեով, որ այս գործընթացում տնօերենների պարտքն է ապահովել պետական քաղաքականության իրականացումը, որովհետև, ըստ նախարարի, «երբեմն հանդիպում են կառավարման այնպիսի դեպքեր, երբ դրանք հասնում են երեխաների իրավունքների երաշխավորված սահմանագծին», իսկ խմբի լիազորությունները` հնարավորինս աջակցել այդ աշխատանքների իրականացման գործում:  «Իրավամբ, դուք կատարելու եք նույն գործը` հանդիսանալով միևնույն մարմնի երկու տարբեր ձեռքերը, և բոլորիս նպատակն է, որ նոր ուսումնական տարում արձանագրվի, որ հատուկ կրթության ոլորտն ավելի թափանցիկ է, ավելի արդյունավետ է աշխատում, և նախարարությունը, իր լիազորությունների ողջ ծավալով, հետևում է յուրաքանչյուր երեխայի ճակատագրին»,-ընդգծել է նախարարը և ավելացրել, որ այս գործընթացին մասնակից յուրաքանչյուր մարմին ունի իր իրավունքների և պարտավորությունների չափաբաժինը:  «Չօգնել այս խմբի աշխատանքին` նշանակում է խոչընդոտել նախարարի կողմից տարվող քաղաքականությանը, խմբի կողմից չարաշահել նախարարի կողմից տված լիազորությունները` նշանակում է աղավաղել այն միտքը, որ դրվել է գործընթացի հիմքում; Այս պարագայում միայն բոլորի ջանքերն արդյունավետ կլինեն»,-ներկաներին հավաստիացրել է Ա. Աշոտյանը:

Հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արտակ Կիրակոսյանը նախարարին տեղեկացրել է, որ օրերս կայացել է խմբի առաջին արտագնա եռօրյա նիստը, որի ընթացքում ի թիվս այլ խնդիրների, քննարկվել է նաև մշտադիտարկում իրականացնողների էթիկայի կանոնների ապահովման հարցը:  Բացի այդ, խմբի ղեկավարը վստահեցրել է, որ առանց համապատասխան վերապատրաստման խմբի ոչ մի անդամ իրավունք չի ունենա մուտք գործել դպրոց: Այդ նպատակով հուլիս ամսին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել վերապատրաստման դասընթացներ:

Հանդիպման ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել նաև դպրոցի տնօրենները, ովքեր, ողջունելով խմբի գործունեությունը, նշել են, որ համագործակցությունը կտա իր պտուղները` միայն փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի պարագայում;

«Այս համակարգում երջանիկ երեխաներ չեն սովորում, նրանք տարբեր տեսակի առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ են, և մեր առաքելությունն է ամոքել և սփոփել նրանց` ապահովելով առնվազն նրանց տարրական իրավունքների պահպանությունը»,-նշել է նախարարը` հավելելով, որ առկա է հասարակության վստահության վերականգնման խնդիր: Ա. Աշոտյանը խոսել է նաև ներառական կրթության մասին` նշելով, որ անգամ ամենամեծ ներառականության դեպքում ամբողջությամբ հրաժարվել հատուկ դպրոցների համակարգից, այսօր հնարավոր չէ, քանի որ ներառականությունն ինքը ևս ունի սահման, որն անհաղթահարելի է երբեմն հոգեբանական, իսկ ավելի հաճախ ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով:

Ամփոփելով հանդիպումը` նախարարը նշել է, որ դրանք հետայսու լինելու են պարբերական, և խմբի աշխատանքի արդյունավետության կոնկրետ ցուցիչների դեպքում, հետագայում նշված մեխանիզմի կիրարկումը միգուցե կառաջարկվի տարածել նաև այլ գերատեսչությունների ենթակայության դպրոցներում:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply