Մելքոնյան վարժարանը վերաբացելու խնդրանքով կդիմեն Կիպրոսի կառավարությանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 2, 2009 19:31

main20080503_21www.midk.org ինտերնետային կայքէջն այս տարվա մարտից ստորագրահավաք է կազմակերպել` դիմելու Կիպրոսի Հանրապետության կառավարությանը` Մելքոնյան կրթական հաստատությունը վերաբացելու խնդրանքով.

2004թ. մարտի 16-ին ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) կենտրոնական վարչությունը ծախսատարության և կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ որոշում կայացրեց Մելքոնյան կրթական հաստատությունը փակելու մասին:

Սփյուռքում միակ գիշերօթիկ, երկրորդական, ամենօրյա այս դպրոցը փակելու որոշումն ուժի մեջ մտավ 2007 թ• մայիսին:

«Մենք` ստորագրահավաքի մասնակիցներս, առարկում ենք Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության փակմանը և փափագում ենք այն տեսնել վերաբացված իր ներկա տարածքի վրա` իբրև ուսման երկրորդական մակարդակի կրթարան՝ ծառայելու Եվրոպական Միության և շրջակա վայրերի բոլոր հայերին»,- ասված է հայտարարության տեքստում(արմտահայերենից փոխվել է արևելահայերեն) :

Մելքոնյան վարժարանի փակումից հետո Կիպրոսի համայնքում մնաց միայն «Նարեկ» կրթական հաստատությունների ցանցը, որից կիպրահայերն այնքան էլ գոհ չեն. այս մասին վկայում են www.gibrahayer.com Էլեկտրոնային պարբերականի կայքէջում կատարված հարցումները: Հարցման մասնակիցների 71%-ը տվել է բացասական գնահատական:

melkonian-am1Վարժարանի ճակատագրով հետաքրքրված Կիպրոսի կառավարությունն արգելեց քանդել վարժարանի շենքը` այն համարելով պատմաճարտարապետական կոթող: Իսկ տեղի բնապահպաններն ընդդիմացան դպրոցի շրջակա պուրակը վերացնելուն:

Հաստատությունն այժմ զբաղեցնում է 125 հազ. քմ տարածք, որտեղ տեղակայված են 2 եռահարկ ուսումնական մասնաշենքեր, 2 հանրակացարան՝ տղաների ու աղջիկների համար, մարզահամալիր, տարբեր մարզադաշտեր, պաշտոնյաների բնակելի շենք և այլն:

Ուսումնական ծրագրերում կային հումանիտար, գիտական ու տնտեսական /բիզնես/ առարկաներ։ Հայերենից ու անգլերենից բացի, դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն։

1926 թ•-ին Գրիգոր և Կարապետ Մելքոնյանների հիմնած վարժարանն իր գոյության ընթացքում տվել է 1. 650 շրջանավարտ: Այժմ վտանգված է նաև Մելքոնյան վարժարանի շուրջ 25 հազար միավոր ունեցող գրադարանը:

Դիտվել է 2766 անգամ:
Print Friendly

Leave a Reply