Ադրբեջանի համար հայկական բանակն անպարտելի է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 22, 2010 16:06
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով ԼՂ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները իրենց գործունեությունում թերացել են. «Հիմա Սփյուռքը պիտի եռար, ինֆորմացիոն հոսքերը շրջեին ողջ աշխարհում ու ի ցույց դնեին Ադրբեջանի իրական դեմքը»:
Քաղաքագետը Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը դիտարկում է Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան գործընթացի համատեքստում: «Թուրքիան մտել է փակուղի և պասիվ դերակատարություն հիմա ունի: Այժմ Հայաստանի և Արցախի վրա ճնշում գործադրելու գործընթացը տեղափոխվում է արևելք: Ադրբեջանի թուրքերի կողմից նման գործողությունները կարող են աճող պրոգրեսիայի տեսք ընդունել: Սա սադրանք չէ, այլ ինտենսիվ զարգացող գործընթաց: Բայց վախենալ պետք չէ»,- ասում է Շիրինյանը:
Շիրինյանը սահմանային միջադեպը բոլորովին էլ անսպասելի չի համարում. «Արդեն 300 տարի թուրքերի հետ գործ ունենք, էլ ի՞նչ անսպասելի»: Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը չի կարելի համարել հարցը ռազմական ուղիով լուծելու հաղորդագրություն` ուղղված Հայաստանին. «Սա հաղորդագրություն է Թուրքիային, որ Ադրբեջանն այժմ գործողությունների ծանրությունն իր վրա է վերցնում»:
Քաղաքագետի խոսքով` հայերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի և երբևէ չմտածեն փոխզիջումների մասին: «1918-ից մինչ օրս հայկական զինուժի և Ադրբեջանի թուրքերի բախումներում միշտ հաղթանակել է հայ զինվորը»,- ասում է Շիրինյանը` հավելելով, որ Ադրբեջանի համար հայկական բանակն անպարտելի է նաև այսօր:






Facebook
Tweet This
Email This Post
