Ծավալ, բազմաշերտություն, ոսկեգույն փայլ. 2010-ի կանացի զարդերի գլխավոր միտումները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 22, 2010 13:59

Այս ամառ զարդերի նորաձևությունը շատ դեպքերում շարունակում է նախորդ տարվա միտումները` միայն թե ավելացնելով ծավալն ու ոսկեգույնը:

Կրկին պետք է հրաժարվեք կարճ, բարակ վզնոցներից, համեստ կուլոններից, նուրբ մատանիներից ու թևնոցներից:

Զարդեր ընտրելիս` առաջնությունը տվեք խոշոր, ոչ ստանդարտ դիզայնով, ոսկեգույն զարդերին, որոնք հիշեցնում են Հին Արևելքի թագուհիների զարդարանքները. միայն թե թանկարժեք քարերի ու ազնիվ մետաղի փոխարեն այժմ իշխում են բնական, կիսաթանկարժեք քարերն ու ոչ    թանկարժեք մետաղը:

Ականջօղեր

Ականջներին կախեք ծավալուն, խոշոր շրջանաձև օղեր. կմտածեք, որ սա միշտ է եղել նորաձև, ճիշտ եք, սակայն այստարի օղերի շրջանակը եթե ոչ եռապատկվել, ապա գոնե կրկնապատկվել է: Պետք չէ վախենալ, քանի որ այդ ականջօղերը ծավալուն են, բայց թեթև: Նորություն են խոշոր, խաչի տեսքով ականջօղերը, ասիմետրիկ դիզայնով ականջօղերը, երկար կախվող, բազմաշերտ ու բարդ կառուցվածքով մետաղական ականջօղերը: Մի խոսքով, այս տարի ձեր ականջներին հնարավորություն կտաք «շունչ քաշելու» միայն քնելիս:

Թևնոցներ

Բազուկները զարդարեք այնքան, որքան կցանկանաք և որքան որ հնարավոր է, քանի որ սահմանափակումներ, գրեթե, չկան.

ընդհակառակը` որքան շատ թևնոցներ, այնքան լավ, ընդ որում` երկու թևերին:

Թևնոցների մեջ ևս իշխում են ծավալն ու բազմաշերտությունը: Շատ նորաձև են շղթայով իրար միացված խոշոր, զույգ թևնոցները: Հումքը, հիմնականում, ոսկեգույն մետաղն է և գունավոր պլաստմասան:

Մատանիներ

Խոշոր, լայն ու ծավալուն. մի խոսքով, աչքի ընկնող մատանիներ:

Եթե ձեր ձեռքին, բացի մեկ այդպիսի մատանուց, ուրիշ ոչինչ չլինի, միևնույնն է, դուք կրկին կլինեք ուշադրության կենտրոնում:

Մատանիներն այս ամառ կփայլեն իրենց վառ, բնական, խոշոր քարերով և կտարբերվեն ոչ ստանդարտ դիզայնով:

Շատ նորաձև են խոշոր կամ էլ երկու մատներին անցկացվող, սակայն նուրբ շղթայով իրար միացված մատանիները:

Հետաքրքիր են նաև մատի վրա հորիզոնական դիրք ընդունող մատանիները, որոնք հաճախ այնքան երկար են, որ հասնում են մյուս մատներին:

Վզնոցներ

Այս ամռանը շքեղ վզնոցները նախընտրելի են ոչ միայն երեկոյան հագուստի դեպքում, այլև հասարակ,ամենօրյա ոճի մեջ: Դրանք ավելի շատ մանյակներ են հիշեցնում: Իշխող գույնը կրկին ոսկեգույնն է: Ինչ վերաբերում է քարերին, ապա նորաձև են խոշոր, բնական, ոչ թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը: Հիշեք, որ շեշտը պետք է դնել ոչ թե արժեքի, այլև  յուրօրինակության ու ծավալի վրա:

Մետաղազարդեր

Նորաձևություն են վերադարձել մետաղազարդերը (брошь). այս դեպքում ևս նախապատվությունը պետք է տալ ծավալին ու շքեղությանը: Մետաղազարդերը կարելի է կրել ոչ միայն կրծքին, այլև հագուստի տարբեր մասերում, ոչ միայն կոստյումների, այլև նուրբ, թեթև զգեստների հետ, բերետի ու ամառային գլխարկի վրա:

Այստեղ կարևոր է հիշել, որ մետաղազարդի քանակը չպետք է գերազանցի երկուսը:

Ոտքի զարդեր

Չնայած որ մեր հասարակությունում այնքան էլ ընդունելի չեն զարդարված ոտքերը, այնուամենայնիվ նորաձևությունն իր

թելադրանքն ունի. և այսպես, եթե ուզում եք լինել առավել նորաձև և կոտրել այն կարծրատիպը, թե ոտքերին զարդ կրելն «ամոթ է», ապա ճիշտ ժամանակն է:

Հատկանշական է, որ նորաձևության վարպետներն առաջարկում են ոտքերի զարդեր կրել էլեգանտ հագուստի հետ, որն է՛լ ավելի կանացի ու շքեղ կդարձնի ոտքը:

Ի տարբերություն ձեռքերի, ոտքերի դեպքում կարելի է լինել զուսպ` զարդարելով միայն մեկը:

Դիտվել է 2565 անգամ:
Print Friendly

Leave a Reply