Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է պատմական Արմենոպոլիս/Գեռլա քաղաք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2010 22:10

Ս. թ. հունիսի 18-19-ը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Գեռլա (Gherla) քաղաք, ուր նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի հետ (Dragan-Giurgean Ionel Ovidiu) եւ տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե մայր տաճարում մասնակցեց Գրիգոր Լուսավորչի տոնին:

Հունիսի 19-ի առավոտյան քաղաքապետարանում ծավալված զրույցին, որին մասնակցում էին նաեւ նախկին նախարար, սենատոր, Ռումանահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր փոխանակվեցին Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման շուրջ: Քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուն տեղեկացրեց, որ Գեռլայի պատմական կենտրոնը, որտեղ պահպանվում են հայկական հին շինությունները եւ հաստատությունները, քաղաքի հարստությունն են եւ գտնվում են քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվեց, որ ինչպես Գեռլայում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայոց դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը եւ ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում շարունակել խորհրդակցությունները Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի ձեւավորման կոնկրետ քայլերի ուղղությամբ:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ Ռումինիայի ԱԺ պատգամավորներ եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե մայր տաճարում ներկա եղան Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական ժամերգությանը, որը կատարվեց հայկական ծեսով եւ որին մասնակցելու համար ժամանել էին հարյուրավոր հայեր Տրանսիլվանիայի տարբեր բնակավայրերից եւ սահմանակից Հունգարիայից:

Գեռլայում դեսպան Համլետ Գասպարյանը մի շարք հարցազրույցներ տվեց ռումինական TVR 1 կենտրոնական հեռուստատեսությանը եւ տեղական ռումինական ու հունգարական ծրագրերին:

Գեռլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից` կայսերական հրովարտակով, որով հայերն ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Այն Ռումինիայի եզակի բնակավայրերից է, կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով` բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս/Հայաքաղաք, ուր գործում էին հայ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններ, կրթական եւ հասարակական հաստատություներ: Մինչեւ 1918 թ. քաղաքապետերը եղել են բացառապես հայեր: Այժմ այնտեղ ապրում են հայերի շառավիղներ, որոնք աշխատում են վառ պահել հայկական ոգին:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply