Ադրբեջանական կողմի ամեն մի գործողության կտրվի համարժեք պատասխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2010 16:43

Հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը. արիաբար զոհվել են`

– կրտս. սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի,

– շարք. Բարսեղյան Արայիկ Սևակի,

– շարք. Մանուկյան Էդվարդ Սուրենի,

– շարք. Մելքոնյան Պարույր Արարատի:

Վիրավորվել են`

– կրտս. սերժանտ Մաթևոսյան Գարիկ Յուրիկի,

– շարք. Բադասյան Գալուստ Գարիկի,

– շարք. Արզումանյան Անդրանիկ Վալերիի,

– շարք. Մեսրոպյան Հարություն Վարուժանի:

Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը:

Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում և նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող և շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ ևս կտրվի համարժեք պատասխան:

ԼՂՀ  ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply