Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը ձախողվել է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2010 16:25

ԼՂ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած  հունիսի 19-ի միջադեպն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, նպատակ ունի  և Հայաստանում, և Հայաստանից դուրս ստեղծել տագնապային իրավիճակ ու  տպավորություն, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները լուրջ են:

Մինասյանն ասում է, որ ադրբեջանական կողմը հույս ուներ, որ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում ռուսական կողմը կփորձի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ինչը, սակայն տեղի չունեցավ Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպման ժամանակ:

«Ռազմական գործողությունները նաև բանակցություններից  հիասթափության նշան են, բացի այդ, ադրբեջանական ղեկավարությունը երկրի ներսում պետք է ցույց տա իր վարած կոշտ քաղաքականության ինչ-ինչ արտահայտություններ»,- ասում է Մինասյանը, ով ադրբեջանական կողմի քայլը բացատրում է պետերբուրգյան եռակողմ հանդիպման արդյունքներով:

Նրա խոսքով` Ադրբեջանին ոչ հաճո հանդիպումից հետո Ադրբեջանը դիվերսիոն ակցիայով փորձեց հիշեցնել միջազգային հանրությանը, որ հարցի լուծման ռազմական տարբերակը գոյություն ունի` ռազմական վտանգը Ադրբեջանի շանտաժային քաղաքականության մաս է կազմում:

Սակայն, ըստ Մինասյանի, ռազմական ակցիան չէր բխում Ադրբեջանի շահերից. ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքրեր է ներթափանցել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը:  Մինասյանն ասում է, որ եթե դա  հետախուզական ակցիա էր, ապա ձախողված, քանի որ այս դեպքում նպատակը պետք է լիներ ինֆորմացիա ստանալը, ոչ թե մարտի մեջ մտնելը: Եթե  օպերացիայի նպատակն էր որևէ հենակետ գրավելը, ապա նորից ձախողվել են, քանի որ ադրբեջանցիները նահանջել են  զոհ և զինամթերք թողնելով:

«Հատուկ նշանակության նման ջոկատները կազմված են սպաներից և ենթասպաներից, և սպանված ադրբեջանցին ենթասպա է,  մինչդեռ հայկական կողմում նրանց դիմագրավել են շարքային սահմանապահ զինծառայողները:-ասում է Մինասյանը,- Ուշագրավ է, որ  չնայած ադրբեջանական կողմից հարձակվել է հատուկ նշանակության ջոկատը, սակայն արդյունքի չեն հասել»:

Մինասյանը նաև կասկածամտությամբ է վերաբերվում ադրբեջանական զոհերի շրջանառվող թվին. «Նմանատիպ բախումների ժամանակ որպես կանոն զոհվածներին և վիրավորներին տանում են: Ուստի քիչ է հավանական, որ ադրբեջանական կողմը միայն մեկ զոհ է ունեցել, մանավանդ որ ադրբեջանական կողմը լռություն էր պահպանում այս հարցի շուրջ և 1 օր հետո միայն սկսեց արձագանքել հայկական կողմի ինֆորմացիոն հոսքին»:

Մինասյանի կանխատեսմամբ` առաջիկայում ադրբեջանական կողմը կշարունակի պարբերաբար դիվերսիոն գործողություններ կատարել:

Քաղաքագետը կարևորում է նաև Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը.պետերբուրգյան  հանդիպումով  վերջակետ դրվեց Թուրքիայի փորձերին` ներգրավվել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:

«Այս եռակողմ հանդիպմամբ բանակցային գործընթացը վերադարձավ նույն իրավիճակին, ինչ որ կար գոնե 6 ամիս առաջ: Ամենակարևոր արդյունքն այն է, որ բանակցային գործընթացի ֆորմատն է պահպանվել` Ռուսաստանը շարունակում  է առաջնային դեր խաղալ բանակցային գործընթացում, և ռուս-թուրքական հարաբերություններն էլ որևէ կերպ չանդրադարձան ԼՂ  հարցի կարգավորման գործընթացի վրա»,- ասում է Մինասյանը:

Դիտվել է 1918 անգամ:
Print Friendly

Leave a Reply