ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրերի ընթացքը Շուշիում
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | June 21, 2010 16:04
Շուշի քաղաքում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր. բնակելի շենքերի տանիքների վերանորոգում, փողոցների բարեկարգում ու հիմնանորոգում, հանրային հաստատությունների` գրադարանների, դպրոցների ու բուժհիմնարկների կառուցում ու վերակառուցում:
Հիմնանորոգման ենթակա յոթ բնակելի շենքերի տանիքներից արդեն պատրաստ են երեք շենքերի` Ամիրյան փողոցի թիվ 9, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 21, Ազատամարտիկների փողոցի թիվ 8 շենքերի տանիքները. ամբողջովին փոխվել է տանիքների ծածկույթը, վերանորոգվել են բոլոր օդափոխության եւ ծխատար հորերը, տեղադրվել են նոր ջրհորդաններ եւ ջրահեռացման խողովակներ: Տանիքների ծածկույթն իրականացվել է մետաղական կղմինդրով: Մեկնարկել են նաեւ Ղազանչեցոց փողոցի թիվ 57 եւ Ամիրյան փողոցի թիվ 7 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:
Ավարտվել են Ղազանչեցոց փողոցի ճանապարհի հողային, հին էլեկտրալարերի ապամոնտաժման եւ նորի մոնտաժման աշխատանքները, անցկացվել է ջրագիծ: Ընթացքում է փողոցի դեկորատիվ պատերի կառուցումը:
Սկսվել են Հախումյան փողոցի բարեկարգման աշխատանքները, կառուցվում է կոյուղու նոր համակարգ:
Մեկնարկել են նաեւ խմելու ջրի ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի եւ կենցաղային կոյուղու համակարգերի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի հիմնախնդրի լուծմանը բնակիչները վաղուց էին սպասում: Հին, քայքայված ու ժանգոտ մետաղե խողովակներից հոսող ջուրը ոչ միայն պիտանի չէ խմելու համար, այլեւ տարբեր տեխնիկական պատճառներով չի էլ հասնում քաղաքի բոլոր թաղամասերը: Հաճախակի են վթարները, անխուսափելի են ջրի կորուստները:
Վերոհիշյալ ծրագրերն իրականացվում են Մոսկվայում 2009-ին կայացած դրամահավաք ճաշկերույթի գումարներից:
Ընթացքում է Շուշի քաղաքի կենտրոնական գրադարանի նորոգման ծրագիրը, որը հովանավորում է ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Շենքային պայմանների խիստ վատթար վիճակը չէր կարող չանդրադառնալ գրադարանի բուն գործունեության վրա: Գրադարանի հիմնանորոգումը հնարավորություն կտա ստեղծել գրքերի պահպանման համար բարենպաստ պայմաններ, կանխել դրանց հնարավոր կորուստները եւ գրադարան վերադարձնել ընթերցողին:
Արդեն ավարտվել են քանդման աշխատանքները եւ տարվում են նոր տանիքի կառուցման, սյուների եւ հեծանների ուժեղացման աշխատանքներ:
Ավարտված ծրագրերից է նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարությանը շտապօգնության երեք մեքենանաների տրամադրումը, որոնցից մեկը հատկացվել Շուշիի քաղաքային հիվանդանոցին: Այս ծրագիրը հովանավորել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը:
ՙԱվելի քան 50 000 հայ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից համախմբվեցին ՙՄեր Շուշին՚ կարգախոսի եւ քաղաքի վերականգնմանն ուղղված շնորհակալ նախաձեռնության շուրջ՚, – ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Արդեն պատրաստ են մշակույթի տան եւ Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման նախագծային աշխատանքները եւ գտնվում են փորձաքննության փուլում: նախագծային փուլում է մանկատան կառուցումը: Հայտարարվել են մրցույթներ Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի բուժկետի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
ՙՇուշի քաղաքում գնալով առավել շոշափելի է դառնում Հիմնադրամի ներկայությունը: Քաղաքի բնակիչներն հավատում են, որ կգա այն օրը, երբ Շուշին` պատմական այս փառահեղ հուշարձանը ոտքի կկանգնի՚,- ասում է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը:
Ստեփանակերտից 10 կմ հարավ ընկած, մոտ 600 քառակուսի կմ տարածք զբաղեցնող Շուշիի վարչական տարածքում, որը ներառում է Շուշի քաղաքն ու յոթ գյուղական համայնքները, ապրում է շուրջ 5126 մարդ, որից 3867-ը` Շուշի քաղաքում: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ: Բնակիչների մի որոշ մաս էլ պարբերաբար ընդգրկվում է քաղաքում պարբերաբար ընթացող շինարարական աշխատանքներում:
ւն






Facebook
Tweet This
Email This Post
