Քաղաքագետը կանխատեսել էր ադրբեջանական ագրեսիայի հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2010 13:55

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Վահան Դիլանյանը մամուլի հաղորդագրություն է տարածել սույն թվականի հունիսի 18-ին ադրբեջանական զինուժի ԼՂՀ տարածք ներխուժման առնչությամբ, որում ասված է.

«Դեռևս սույն թվականի 1-ին եռամսյակում Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ) կատարած հետազոտությունները ցույց էին տվել Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի վերսկսման հնարավորության համար հստակ նախադրյալների առկայության փաստը: Հետազոտությունները մասնակիորեն նաև հրապարակվել են ապրիլին` «Անկախ» շաբաթաթերթում` ՔԶՀԿ նախագահի հեղինակած հոդվածում. http://ankakh.com/2010/04/30507/, որում մասնավորապես ասված է.

«Պատերազմաշունչ հայտարարությունները զուգորդվել են ռազմական բյուջեի աննորմալ աճի հետ: Իսկ զինված ուժերի վերազինումն ու արդիականացումը համատեղվել է ռազմական ստուգումների փորձերով (2008թ. մարտին և նոյեմբերին, 2010թ. մարտին, հնարավոր է և` 2010 թ. ամռանը)»:

Հաստատելով ՔԶՀԿ կողմից կատարված հետազոտությունների և վերլուծությունների ճշմարտացիությունը ադրբեջանաղարաբաղյան շփման գծում մարտի միջոցով ստուգումների պարբերականության և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության վերաբերյալ,

հաշվի առնելով հունիսի 18-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիվ գործողության փաստը,

հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկմանն առնչվող օրենսդրական որոշումների փաստերը (հունիսի 8-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից Ադրբեջանի ռազմական դոկտրինի ընդունումը, որում նշված է Ադրբեջանի կողմից ռազմական ուժի գործադրման իրավունքի մասին; հունիսի 18-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ օրինագծի ընդունումը, որը նախատեսում է ակտիվ ռազմական գործողություների ժամանակ երկարաձգել խորհրդարանի և նախագահի գործունեության ժամկետը՝ ընդհուպ մինչև դրանց ավարտը),

տվյալ իրավիճակը գնահատում ենք` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից պոտենցիալ սպառնալիքի իրական դառնալու հնարավորություն: (Ադրեջանի կողմից մարտի միջոցով ստուգումները, լինելով ստանդարտ միջոցառումների համալիր, նաև ենթադրում են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համար պայմանների նախապատրաստման միջոց):

Ելնելով տվյալ գնահատականից,

նաև վերը նշված փաստերը համարելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկման համար «անհրաժեշտ, բայց ոչ բավարար» պայմաններ ու գործոններ,

այնուամենայնիվ, ԼՂՀի և Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից հայության մարտական պատրաստվածության բարձր մակարդակի ապահովումը սահմանում ենք` որպես կենսականորեն կարևոր պայման:

Կոչ ենք անում ԼՂՀ և ՀՀ բարձրագույն ղեկավարությանը ակտիվացնել հանրային քաղաքականությունը նշված ուղղությամբ»:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply