Ալիևի ռազմական սադրանքը համաժամանակացված է Մեդվեդևի խաղաղ նախաձեռնությանը

Հարցազրույց | | June 21, 2010 13:34

Մեր զրուցակիցը Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ռազմական քաղաքականության և անվտանգության հարցերով պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանն է:

– Դոկտոր Քոթանջյան, ըստ Ձեզ` ինչպե՞ս են հարադրվում Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևի մեկնումը և ժամանակային առումով դրա հետ համընկած` Ղարաբաղում կրակի դադարեցման գծից այս կողմ ադրբեջանցի զինծառայողների դիվերսիոն արտագրոհը:

– Նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ռուսական պետության ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը շուտափույթ լքեց Սանկտ Պետերբուրգը, որպեսզի Ռուսաստանի տարածքում չպատասխանի կրակի դադարեցման գծում երեք պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից մի քանի ժամ անց իր իսկ հրահանգով սանձազերծված ռազմական սադրանքի մասին հարցերին: Ադրբեջանում գործող սուլթանական ռեժիմի պայմաններում բացառվում է, որ ռազմական նման սադրանքը, որը, մանավանդ, զուգադիպել է Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնության հետ, ստացած չլինի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը:
Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական զինված սադրանքը համաժամանակացված է ոչ միայն նախագահ Մեդվեդևի պետերբուրգյան խաղաղ նախաձեռնությանը, այլև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, որը վերջերս Բաքու բերեց ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը և որում նույնպես հաստատված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը: Ադրբեջանի նախագահն առաջին անգամը չէ, որ նման արհամարհական վերաբերմունք է դրսևորում Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնությունների հանդեպ: Մոտավորապես մեկ տարի առաջ հանրության ուշադրությունը բևեռված էր Ղարաբաղը վերադարձնելու համար պատերազմ սկսելու պատրաստակամության մասին Չաթթամ Հաուսում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որը հակասում էր դրանից ոչ շատ առաջ իր իսկ ստորագրած Մայնդորֆյան հռչակագրին, որի նախաձեռնողը նախագահ Մեդվեդևն էր:

Դիտվել է 1836 անգամ:
Print Friendly

Leave a Reply