Հորդառատ անձրեւներ, ուժեղ քամի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2010 13:13

Հունիսի 18-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով քաղաքի գետակը վարարել է, լցվել ափամերձ տնակները, եւ մարդիկ չեն կարողանում դուրս գալ:

Ժամը 17.53-ին դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով թիվ 104/355 տնակից դուրս է բերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել անկողնային հիվանդ, 73-ամյա Օֆելյա Անուշյանը:

Ժամը 21.30-ին ստացված մեկ այլ ահազանգի համաձայն` անձրեւի հետեւանքով ջրալցվել է Գյումրիի ավտոկայանի տարածքի թիվ 104/689 տնակը:

Դեպքի վայր մեկնած փրկարարների օգնությամբ 1-03 ծառայության աշխատակիցները մտել են տնակ եւ առաջին բուժօգնություն տրամադրել անկողնային հիվանդ, 69-ամյա Սինար Մսրյանին:

Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով հեղեղաջրերը ողողել են Լեյջան համայնքի` այգիները, ցանքատարածքները, բնակելի տները, օժանդակ կառույցներն ու ճանապարհները:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության` օպերատիվ խումբը, փրկարար ջոկատը, Լոռու մարզպետարանի համապատասխան մասնագետները:

Տեղում իրականացվել են հնարավոր անհետաձգելի աշխատանքներ:

Հունիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում ուժեղ քամին պոկել-տարել է Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի բնակիչ Ա. Մնացականյանին պատկանող տան թիթեղյա ծածկը` 90 քմ. մակերեսով, եւ փայտյա կառուցատարրերի մի մասը:

Հունիսի 20-ին, ժամը 18.45-ի սահմաններում հորդառատ անձրեւի եւ ուժեղ քամու հետեւանքով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում շրջվել է 5 ծառ, ինչի հետեւանքով վնասվել են Մ. Խաչատրյանին պատկանող խանութի (15 քմ.), Վ. Մարտիրոսյանին պատկանող վարսավիրանոցի (12 քմ.), Վ. Խուդավերդյանին պատկանող ծաղկի սրահի (10 քմ.) տանիքները, ինչպես նաեւ վնասվել են հեռախոսակապի եւ էլ.լարերը:

Քամու հետեւանքով պոկվել է նաեւ Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի շենքի տանիքը (120 քմ.) եւ ընկել հարեւանությամբ գտնվող` . Խաչատրյանին պատկանող շինության վրա` վնասելով տանիքի 200 քմ. մակերեսով հատվածը:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply