Այսօր դիմորդները միասնական քննություն են հանձնում Հայոց պատմությունից եւ Քիմիայից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2010 15:52

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացվեցին «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից միասնական քննություններ, որոնց մասնակցելու համար Գնահատման եւ թեստավորման կենտրոնում նախապես հայտագրվել էր, համապատասխանաբար, 3720 եւ 1339 դիմորդ: Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում տեղակայված քննական կենտրոնում այսօր կազմակերպվել էր քիմիայի միասնական քննություն, որտեղ նախատեսված 199-ից քննությանը մասնակցեց 188 դիմորդ: Քննական կենտրոնի ղեկավար Նարինե Բայաթյանը տեղեկացրեց, որ քննություն հանձնողներին բաժանվել են Մենդելեեւյան գունավոր աղյուսակներ եւ պարզագույն հաշվիչներ` քննական առաջադրանքները կատարելիս դրանցից օգտվելու համար:

Սահմանված կարգի համաձայն` դիմորդների համար ընթերցվեցին ձեւաթղթերի լրացման, քննության ավարտին դրանց պատճենահանման, հանձնման եւ այլ կարգեր: Նշված քննակենտրոնում քննության ընթացքին հետեւեց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտանը: Նա նկատեց, որ քիմիական կրթության նկատմամբ հասարակության շրջանում հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ, մանավանդ որ քիմիական արտադրության բնագավառում մասնագետների առումով պահանջարկը մեծ չի: «Մենք մեծ խնդիր ունենք քիմիական կրթության հետ կապված. այս առարկան տարիներով շարունակել է կարեւորվել հիմնականում Երեւանի պետական բժշկական համալսարան ընդունվելու տեսակետից, սակայն կան նաեւ «մաքուր» քիմիական մասնագիտություններ, ինչպիսիք են էկոլոգիական քիմիան, դեղագործական քիմիան, որոնց բնագավառում ճգնաժամ կա»,- ասաց նախարարը:

Ընդունելության ցածր շեմի վերաբերյալ նշվեց, որ դա մի կողմից դժվարություն է ստեղծում բուհում աշխատանքի համար, սակայն բուհական ղեկավարներին հնարավորություն է տալիս շատ ուսնանողների ընդունել, եւ խիստ քննություններ կազմակերպելու դեպքում չվախենալ, թե վճարովի համակարգից ուսանողներ դուրս կմնան, իսկ ֆինանսական միջոցները կպակասեն: Անդրադառնալով մասնավորապես Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ընդունելության շեմին, Ա.Աշոտյանն ասաց, որ այստեղ նախորդ տարի բուժական ֆակուլտետում ընդունելության շեմը եղել է 16,3 միավոր, իսկ ատամնաբուժականում ու դեղագործականում` 21 եւ 23 միավոր: Թեպետ ընդունելության շեմն այնքան էլ բարձր չէ, սակայն բժշկական մասնագիտություն ստանալը բարդ ու երկարատեւ կրթական ուղի է ենթադրում. բակալավրիատում ուսանողները սովորում են 5 տարի, մագիստրատուրայում` 2 տարի, իսկ կլինիկական օրդինատուրայում` 1-3 տարի, արդյունքում տարիների հանրագումարը կազմում է 10 տարի: «Ընդունվողներից շատերը չեն անցնում այդքան տարիների կրթություն, քանի որ համաշխարհային բժշկական կրթության պրակտիկայից ելնելով` պարզ է դառնում, որ ընդունվում են շատ ուսանողներ, սակայն ավարտողները քիչ են:

Օրինակ` Մարսելի համալսարանում բժշկական ֆակուլտետ տարեկան ընդունվում էր 1000 հոգի, իսկ ավարտողներն ընդամենը 200-ն էին: Մեզ մոտ էլ բուհում սովորելու ընթացքում խիստ քննությունների արդյունքում դուրս մնալու միտում կա»,- ասաց նա: Նախարարը, ինչպես հաղորդում է Արմենպրեսը,  օրինակ բերեց այս տարվա Երեւանի պետական բժշական համալսարանի պետական ավարտական քննությունների արդյունքները, ըստ որոնց` դուրս են մնացել շուրջ 70 ուսանողներ:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply