Գեղամ Ղանդիլյանն իր հետ տարավ պաշտելի Գոքորին

Շաբաթվա լուր | | July 2, 2009 18:29

gogor13-ամյա Լուսինե Մանուկյանը հպարտությամբ է հիշում, թե ինչպես իր ընկերուհու հայրն իրականացրեց իր երազանքը և ծանոթացրեց Գոքորի (բոլորը դերասան Գեղամ Ղանդիլյանին իր հերոսի անունով են կոչում) հետ:
Լուսինեն այն հազարավոր պատանիներից է, որոնց համար «Շանթ» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Որոգայթ» սերյալը կյանքի անբաժան մաս է դարձել։ Գոքորի հետ հանդիպումը, դերասանի մահից հետո Լուսինեի համար մի թանկագին հիշողություն է դարձել(տես նաև 1, 2, 3
«Հաջորդ օրը Գոքորը եկավ և ինձ ու ընկերուհուս տարավ պիցցա ուտելու: Շատ հաճելի ժամանակ անցավ: Հետո հրաժեշտի ժամանակ ասաց, որ մի օր անպայման էլի կգա»,-պատմում է Լուսինեն ու տխուր հայացքը թեքում դեպի Գոքորի` պատից կախված պոստերը:
Լուսինեն պատմում է նաև, որ այդ օրն ավտոկայանատեղում աշխատող մի տղայի Գոքորը 5000 դրամ է տվել` որպես թեյավճար:
«Այդ տղան բարևեց Գոքորին, ասաց, որ իրեն շատ է սիրում, Գոքորն էլ գրպանից 5000-անոց հանեց ու տվեց: Տղան չէր ցանկանում վերցնել, բայց Գոքորը պնդեց»,- հիշում է Լուսինեն:
Իսկ ուսանող Արթուր Ղազարյանը պատմում է, որ մի օր սրճարանում պատահաբար հանդիպել է Գոքորին, մոտեցել ու
ծանոթացել:
«Շատ էի սիրում նրան` որպես ֆիլմի հերոսի, նրա կերպարն իմ ու իմ շրջապատի տղաներին հոգեհարազատ է: Որոշել էի` ինչ գնով էլ լինի ծանոթանալ հետը, որպեսզի տեսնեմ` կյանքում է՞լ է այդպիսին:
Սրճարանում մոտեցանք ես ու ընկերս: Շատ բարեհամբույր բարևեց, առաջարկեց նստել, թույլ չտվեց, որ իրեն ինչ-որ բան հյուրասիրենք, բայց պնդեց, որ ինքը վճարի: Երկար խոսեցինք, ընկերացանք, համոզվեցի, որ կյանքում էլ նույնքան լավն ու ընդունելի է, որքան ֆիլմում»,- պատմում է Արթուրը:
Արթուրը հիշում է նաև, որ մի անգամ ինքն ու ընկերն անախորժության մեջ էին ընկել, բայց Գեղամի շնորհիվ է ամեն ինչ հարթվել:
«Դե տղայական խնդիրներ էին: Այդ օրը պետք է հանդիպեինք, որ պարզեինք կատարվածը: Գնալիս պատահաբար Գեղամին հանդիպեցինք, մեքենայի միջից ձայն տվեց, կանչեց: Խոսեցինք, պատմեցինք կատարվածը, խորհուրդ էինք հարցնում, գիտեինք, որ խելքը գլխին մի խորհուրդ կտա, բայց բան չասաց, միայն պնդեց, որ ինքն էլ գա: Չէինք ուզում անախորժության մեջ գցել նրան, բայց շատ համառեց: Եկավ ու ամեն ինչ հարթեց` առանց վեճի ու աղմուկի: Հասկացանք` եթե չգար, ամեն ինչ կարող էր բարդանալ» :
Գեղամենց տան տեղը Մերգելյան թաղում գիտեն մեծից փոքր: «Դալանով ներս մտեք, թեքվեք ձախ ու հարցրեք, կասեն, առաջին հարկում են ապրում»,- ասաց մի տարեց կին ու մեզ ուղեկցեց մինչև Գեղամենց տուն:
Շունը` Մոլին (կա նաև երկրորդ շունը` Շերիֆը), խելոք պառկել էր Գեղամենց տան դռան առաջ, թաթերը դրել պնչի տակ ու, առանց գռմռալու և շարժվելու, սառած հայացքով զննում էր: Փոքրիկ այգում հավաքված էին մի քանի երիտասարդներ` ընկերներ, ծանոթներ, թաղի մարդիկ:
«Հրաշալի տղա էր, խղճով, խելացի, տաղանդավոր, չավարտած, բայց կիրթ: Շներին էր շատ սիրում, հարևանասեր էր, լավ դերասան,-պատմում է առաջին հարկի հարևանուհին` տիկին Ալվարդը` աչքերում խեղդելով արցունքը:-Թոռանս որ տեսնում էր, անպայման ասում էր` ջանիդ մեռնեմ, էս ո՞ւմ սիրուն բալեն ես»։
Գոքորենք Մերգելյանի մոտ գտնվող Գյուլբենկյանի այդ տուն տեղափոխվել են 8 տարի առաջ` Կոնդից: Նա ապրում էր մոր և քրոջ հետ: Հայրը մի քանի տարի առաջ մահացել է: Հարևանների պատմելով մայրը` Անահիտը, նախկինում եղել է «Ռոմեն» թատրոնի երգչուհի: Քույրը պարուհի է և մի քանի ամիս առաջ է եկել արտասահմանից: Ասում են, որ Գոքորն այս տարի որոշել էր ամուսնանալ, սիրած աղջիկ ուներ` Սուսաննան, ով նույնպես Մերգելյան թաղից է:
Տիկին Ալվարդը պատմում է նաև, որ կեսօրին Գոքորենց տան մոտ հավաքվել են տասնյակից ավել դպրոցականներ` իրենց հերոսի մահը սգալու:
Գոքորն «Առավոտ»-ին տված հարցազրույցներից մեկում պատմել էր, որ ծնվել է Կոնդում` հանցաշխարհին մոտ կանգնած ընտանիքում: «Կյանքս եղել է բուռն: Տեսել եմ ամեն ինչ: Ունեմ միջնակարգ կրթություն: Զբաղվում էի գովազդային գործունեությամբ, երբ ինձ հրավիրեցին հեռուստասերիալ… Ես եզդի չեմ (տարածված էր, որ նա եզդի է)…Սերիալում նկարահանվելու առաջարկություն ստացել եմ գովազդային գործակալից»:
Գոքորը պատմել էր նաև, որ սերիալում նկարահանվելուց հետո ավելի է խոնարհվում իր ժողովրդի առաջ. «Ամենաբարձր պաշտոնյաներից սկսած զանգում են, կանչում, տեսնվում ենք: Պետավտոտեսուչները, երկրի կառավարիչները, կալանավորները զանգում են: Խոստացել եմ կալանատուն գնալ»:
Գոքորն ասել է նաև, որ կարդացել է 2400 գիրք, բայց հանցավոր աշխարհի կյանքի մասին պատկերացումները ստացել է իրական մարդկանցից:
Հարցազրույցում սերիալի հերոսը հերքել է նաև այն լուրերը, թե իրեն մականունավորները, իրավապահները, օլիգարխները փորձել են նվերներ անել: «Ոչինչ չեն նվիրել: Ես չեմ սիրում ընդունել: Տուն-մեքենա չեմ ընդունի, որովհետև ես սիրում եմ իմն ունենալ: Միլիարդ էլ եմ տեսել, միլիոն էլ, բայց ոչ միլիոնն է ինձ ուրախացրել, ոչ այլ բան: Երբ մի կտոր հացն առանց կծելու տվել եմ ուրիշին, և նա կշտացել է, ուրախացել եմ»:

Դիտվել է 3397 անգամ:
Print Friendly

Leave a Reply