ԼՂՀ Պաշտպանության բանակը նախազգուշացրել է Բաքվին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 20, 2010 1:07

ԼՂՀ Պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի ապակայունացման դեպքի հետ:

Ըստ Regnum գործակալության, հայտարարության մեջ շեշտվում է այն հանգամանքը, որ լուրջ միջադեպը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո:

Հատկանշական է նաև այն, որ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իր պատրաստակամության մասին` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շարունակության հարցում:

Հիմնվելով այս և նախորդ դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև զինադադարի խախտման բազմաթիվ դեպքերի վրա` ԼՂՀ Պաշտպանության բանակը հայտարարում է, որ ադրբեջանական կողմը այս կերպ պարբերաբար և նպատակաուղղված փորձում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում` հարցականի տակ դնելով առանց այն էլ փխրուն խաղաղությունը տարածաշրջանում:

ԼՂՀ Պաշտպանության բանակը հերթական անգամ հիշեցնում և նախազգուշացնում է Բաքվին, որ ցանկացած գործողություն, որը սպառնում է ԼՂՀ անվտանգությանը և հղի` շփման գծում իրավիճակի ապակայունացմամբ, կստանա համարժեք պատասխան,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում, Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում:

ԼՂՀ Պաշտպանոթյան բանակի զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի հետևանքով հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

Դիտվել է 1743 անգամ:
Print Friendly

Leave a Reply