Հայե՞րն են դմբո, թե՞ թեստերն են վատ. դիմորդների միայն 1 տոկոսն է բարձր գնահատական ստացել

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 2, 2009 18:21

qnutyunԲոլոր առարկաների միասնական քննությունների միավորներն ամփոփված են. 18 000 դիմորդներից ընդհանուր առմամբ 20 միավոր են ստացել 185 դիմորդ՝ 1 տոկոսը:
Ամեն առարկայի քննության բողոքարկման հանձնաժողովները հրապարակում էին, որ թեստերում սխալներ կան և հօգուտ դիմորդների միավորներ էին ավելացնում: Որոշ ծնողներ անգամ բաց նամակով դիմեցին նախագահին` խնդրելով փոխել քննական կարգը, ոմանք էլ առաջարկում էին իջեցնել նվազագույն դրական միավորի շեմը (դրական է համարվում 7,5-ից սկսած): Բայց կրթության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ շեմը չի փոխվի:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն է հանձնել 12 196 դիմորդ, միջին գնահատականն է եղել 11,4 բալը: 20 միավոր է ստացել 12 դիմորդ: Բոլոր քննություններից ամենաշատ 20 ստացել են անգլերենից՝ 7929 դիմորդներից 103-ը:
Մասնագետներն ասում են, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատանքի ընդունվելիս օտար լեզուների իմացությունը գրեթե պարտադիր է դարձել, այդ պատճառով ավելի խորապես են սովորում օտար լեզու: Անգլերենի թեստում սխալներ չկային:
«Հայոց լեզու» առարկայից երկար բողոք-քննարկումներից հետո որոշվեց, որ թեստերի Ա45 առաջադրանքում Հովհ. Թումանյանի «Փարվանա» լեգենդին վերաբերող լուծման տարբերակը ևս կհամարեն ճիշտ, որի արդյունքում այդ ենթահարցը որպես ճիշտ պատասխան նշած դիմորդների գնահատականը բարձրացվեց 0.25 միավորով:
«Մաթեմատիկայից» միասնական քննություն հանձնած 9806 դիմորդներից առավելագույն 20 միավոր է ստացել 2 դիմորդ:
«Մաթեմատիկայի» բողոքարկման հանձնաժողովի նիստը որոշեց, որ միասնական քննության 1, 2, 3, 4 թեստերի 59, 60, 61, 62 առաջադրանքները սխալ լուծած կամ չլուծած շրջանավարտների արդյունքները կհամարվեն դրական: Այս ձևով մաթեմատիկայի քննությունից հետո դիմորդի համար 1 միավոր ավելացնելով` անբավարար ստացած շրջանավարտների թիվը նվազեց՝ 27%-ից հասնելով 20-ի։
qnutyun1Դիմորդների հետ պարապող դասախոսներից մեկը (ով չուզեց հրապարակել իր անունը) հաստատում է, որ այդ համարի վարժությունները ծրագրից դուրս են եղել (օրինակ, լոգարիթմի վարժությունը եղել է երրորդ աստիճանի հավասարում, ինչը ծրագրից դուրս է), սակայն կարծում է, որ ընդունող հանձնաժողովը չէր գնա այս քայլին, եթե միավորների ընդհանուր պատկերն այսքան ցածր չլիներ»:
Նա նշում է, որ այն դիմորդները, ովքեր կարողացել են լուծել այդ վարժությունները, տուժել են, քանի որ չլուծած և դրանից գլուխ չհանած դիմորդները նույնպես միավորներ են ստացել: Սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում դիմորդների համար:
Կենսաբանությունից ամբողջ հանրապետությունում 1757 դիմորդից միայն մեկն է ստացել 20 միավոր, 233 հոգի էլ` անբավարար: Միջին գնահատականը եղել է 11,7-ը:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 4-րդ դպրոցում կենսաբանություն առարկայի միասնական քննության ժամանակ աղմուկն այնքան շատ է եղել, որ աշակերտները չեն կարողացել կենտրոնանալ ու բարձր բալեր ստանալ:
Կենսաբանություն առարկայի մասնագետ Սուսաննա Զոհրաբյանի աշակերտներից միայն մեկն է ստացել 18,25 միավոր, մյուսները ստացել են միջին գնահատական, մինչդեռ նա ասում է, որ 17 և ավել ստացող աշակերտների թիվը պետք է գերակշռեր:
Քննություն տվող աշակերտները բողոքել էին ուսուցչուհուն, որ բացի բարդ գրված թեստերից` իրենց խանգարել են նաև սենյակում հսկողների հեռախոսազրույցները:
«Մենք ինքներս դրսից մոնիտորով տեսնում էինք, որ երեխաներն իրար օգնում են, իսկ հսկողներն էլ հեռախոսով երբեմն խոսում էին: Իմ աշակերտները դուրս գալիս բողոքում էին, որ աղմուկից նույնիսկ իրենց գլուխը ցավում է»,-ասում է Սուսաննան:
Կենսաբանության 2222 հարցատոմսերը հրապարակվել են քննությունից մեկ շաբաթ առաջ, ինչը լուրջ բարդություն է առաջացրել աշակերտների համար: Կենսաբանության ուսուցչուհին պատմում է, որ իր անձնական կապերն աշխատեցնելու շնորհիվ է կարողացել աշակերտների համար համապատասխան ինֆորմացիա հավաքել ու դպրոցական ծրագրից դուրս նոր հրատարակված գրքեր ձեռք բերել: Նրա խոսքով` թեստերում եղել են անճշտություններ. օրինակ, մի հարցի մեջ ճիշտ պատասխանը չի եղել, մյուսում` սխալ պատասխանը:
Մինչև թեստերի հրապարակվելը, կրկնուսույցները ձեռք են բերում դրանց մոտավոր բովանդակությունը, իսկ ով ինքնուրույն է պարապում, զրկված է լինում նման ինֆորմացիայից: Սաղմոսավան գյուղից Անուշ Հարությունյանը, ով կենսաբանությունն ինքնուրույն էր պարապել, ասում է, որ կրկնուսույցի մոտ պարապած ընկերուհու օգնությամբ է տեղեկացել թեստերի տարբերակների մասին և կենսաբանությունից ստացել է 12 միավոր:
«Կային հարցեր, որ բախտի բերմամբ ուղղակի նշել եմ, բայց կային նաև երկու ճիշտ պատասխան ունեցող հարցեր,-ասում է Անուշը,-օրինակ` հարց. կենդանու սաղմնային արգանդն ինչի՞ց է կառուցված: Տարբերակները երկուսն էին` սաղմնային թաղանթ և սաղմնային թերթիկ»: Նա նշել է սաղմնային թաղանթը, որը, ըստ համակարգչի, ճիշտ պատասխանն է եղել, ընկերուհին նշել է սաղմնային թերթիկը, որ սխալ է համարվել: Ընկերուհիները դիմել են գինեկոլոգին, ով բացատրել է, որ երկու տարբերակներն էլ ճիշտ են:
Քիմիայի քննության թերությունը ոչ միայն թեստերի բարդությունն է, այլև տրված ժամանակի սղությունը, որ բավարար չէ այն լիարժեք հանձնելու համար. դիմորդը 3 ժամում պետք է հասցնի պատասխանել թեստի 80 հարցերին:
Դիմորդ Արամայիս Վարդանյանը հաշվում է, որ միջին հաշվով մեկ հարցին պատասխանելու համար տրված է 2,25 րոպե, իսկ 5-6 բարդ խնդիրները լուծելու համար ծախսվում է առնվազն 15 րոպե. ստուգելու մասին խոսք լինել չի կարող:
Թեստի մեջ կան քիմիայի պատմությանը վերաբերող հարցեր, օրինակ, թե որ գիտնականը երբ և ինչ հայտնագործություն է արել, ինչը դպրոցական ծրագրի մեջ չի մտնում:
«Ֆիզիկա» հանձնած 4 537 դիմորդների միջին գնահատականն է 10,1-ը, 20 միավոր է վաստակել 9 դիմորդ: «Քիմիայի» քննություն հանձնած 1271 դիմորդների միջին գնահատականը 11,3-ն է, 20 է ստացել 2 հոգի, իսկ «Հայոց պատմություն» առարկան հանձնած 3324 դիմորդների միջին գնահատականը եղել է 13,3, 20 են ստացել 44-ը:
«Հայոց պատմության» միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ էր գտել տեխնիկական վրիպակ. հնարավոր պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Հետևաբար, որոշում կայացվեց «Հայոց պատմության» միասնական քննությանը մասնակցած բոլոր դիմորդների արդյունքներին Ա-46 առաջադրանքի համար ավելացնել 0.25 միավոր:
Դիմորդներին չի հաջողվել 20 միավոր վաստակել աշխարհագրությունից, ընդհանուր պատմությունից, իտալերենից, պարսկերենից, ռուսերենից:
Առաջիկայում կկազմակերպվեն լրացուցիչ միասնական քննություններ, որին կկարողանան մասնակցել սփյուռքահայ դիմորդները, հարգելի պատճառով քննություններին չներկայացածները և մինչև քննաշրջանը քննության հայտ չներկայացրածները (հիմնականում բանակից զորացրվածներն են): Լրացուցիչ ավարտական քննություններին կկարողանան մասնակցել բոլոր նրանք, ովքեր ավարտական քննությունից (Ա տարբերակից) չեն հավաքել բավարար միավորներ (7,5-ից ցածր): Դիմորդները հույս ունեն, որ լրացուցիչ քննություններն արհեստականորեն չեն բարձրացնի անցողիկ միավորի շեմը:
Հուլիսի 15-26-ը տեղի կունենան նաև կենտրոնացված բուհական քննություններ` հայոց և օտար լեզուներից, ինչպես նաև լրագրողների մասնագիտական` «Ստեղծագործական մրցույթ» առարկայից:

Դիտվել է 3532 անգամ:
Print Friendly

Leave a Reply