Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ` հետ են քաշվել իրենց դիրքեր:

Շաբաթվա լուր | | June 19, 2010 18:45

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ այցելել է Սանկտ Պետերբուրգի համալսարան:
Համալսարանի ռեկտորՆիկոյալ Կրոպաչյովը նախագահներ Սարգսյանին եւ Մեդվեդեւին պատմել է համալսարանի զարգացման գործում հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին:
Նախագահներն այնուհետեւ ներկա են գտնվել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման եւ համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումյանի եւ Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողություններին: Նախագահները եղել է նաեւ Հովսեփ Օրբելու առաջիկայում կառուցվելիք հուշարձանի հիմնաքարի մոտ:

Այնուհետեւ, համալսարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարճատեւ առանձնազրույց են ունեցել, որի ավարտին ՀՀ Նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի եւ ԼՂՀ ՊԲ շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին սադրանքին:

Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է.“Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել են եւ զեկուցել, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել եւ փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր: Պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները, բնականաբար, չեն իրականացվել, ձախողվել են: Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ` հետ են քաշվել իրենց դիրքեր: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաեւ մենք, եւ ես իմ ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին:Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաեւ Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը:»

Սադրանքները միշտ էլ անընդունելի են: Բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետեւ այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն:Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետեւանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաեւ համանախագահների նկատմամբ:

Մենք շատ գիտակցված ենք գնում բանակցությունների, եւ մեր նպատակը շատ հստակ է: Մենք մեր նպատակից երբեւէ չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները` ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, եւ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Սա է մեր նպատակը, եւ այն վերաիմաստավորելու կարիք ես չեմ տեսնում”,-ասել է ՀՀ Նախագահը:-

Դիտվել է 2206 անգամ:
Print Friendly

Leave a Reply