«Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի իրականացման չափանիշները կվերանայվեն

Պաշտոնական, Օրվա լուր | | June 19, 2010 17:15

Այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նիստում քննարկվել և հաստատվել է խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագիրը և աշխատակարգը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ և աշխատանքային խմբեր ստեղծելու հարցը։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը զեկուցել է, որ 2010թ. խորհրդի գործունեության ծրագիրը մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ըստ նրա` այս տարվա ծրագիրն ունի որոշակի առանձնահատկություններ։ Այն բաղկացած է ութ հիմնական ուղղություններից` խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպչական խնդիրներ, ՀՀ-ում իրականացվող երիտասարդական քաղաքականության գնահատում, առաջարկությունների մշակում, երիտասարդական քաղաքականության նորմատիվ իրավական հենքի զարգացում, երիտասարդական քաղաքականության միջգերտեսչական համագործակցություն մարզերում եւ համայնքներում իրականացվող երիտասարդական քաղաքականություն, հայրենասիրական և հոգևոր մշակութային խնդիրներ, Արցախ-Հայաստան երիտասարդական ծրագրեր, միջազգային համագործակցության զարգացում։
Խորհուրդը հաստատել է նաեւ ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի հիմնական առաջնայնությունները 2010-2011 թթ. համար։
Նիստի ընթացքում ներկայացված դրաշնորհային ծրագրերի նոր համակարգն արմատապես փոխում է երիտասարդական ՀԿ-ների ֆինանսավորման մեխանիզմը։ Այդ համակարգով բոլոր դրամաշնորհային հայտերը եւ հայտերի հաշվետվությունները կներկայացվեն առցանց և հասանելի կլինեն հասարակության լայն շերտերին։ Համակարգը կնպաստի երիտասարդական ոլորտում պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։ Այս հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն հանձնարարել է ցանցում ընդգրկել ուսանողական խորհուրդներին, մարզային և համայնքային երիտասարդական ակումբներին ևս, դրանով իսկ ապահովելով ու խրախուսելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը իրականացվելիք ծրագրերին։

Նիստում անդրադարձ է եղել «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման ընթացքին։ Կառավարության ղեկավարի խոսքով, ծրագրի հաստատման առաջին իսկ օրվանից աշխատանքային խմբում տարբեր կարծիքներ կային պայմանների մասին։ «Մասնավորապես, կարծիք կար, որ շատ արագ այս երեք միլիարդ դրամը կսպառվի եւ մենք ստիպված կլինենք նոր միջոցներ տրամադրել։ Ես չէի կիսում այդ կարծիքը և համոզված էի, որ մեր սահմանած չափանիշները բավականին խիստ են, և, միգուցե, ծրագրի սկզբի համար արդարացված, որպեսզի մենք կարողանայինք ապրոբացիայի ենթարկել մեր մեթոդաբանությունը, ինչպես նաև բանկերը պատրաստ լինեին դրան։ Մենք պետք է կարողանայինք ծրագիրը վերահսկել, օգտվելու կարգերը պետք է հասնեին բոլոր համայնքեր առևտրային բանկերի միջոցով, բայց այօրվա նախնական գնահատականները ցույց են տալիս, որ իրականում ծրագիրը դանդաղ է առաջ գնում, և մենք պետք է անդրադառնանք վարկային պայմաններին»,- ասել է Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ պետք է առաջնային վճարի գումարը վերանայվի, ինչպես նաեւ ժամկետներն ու տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար հասանելիությունը ավելի մատչելի լինի։ «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հակառակ պատկերը լինի` հայտերը տասնապատկվեն ու ավելի շատ լինեն։ Բանկերը բավականին կոնսերվատիվ են մոտենում այս հարցին, որովհետև ռիսկերն ամբողջությամբ իրենց վրա են` վարկերի վերադարձելության հետ կապված։ Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք սուբսիդավորման չափանիշներին և տոկոսադրույքներին` հնարավորին չափ երիտասարդների մասնակցությունն ապահովելու համար։ Համենայն դեպս, առաջին փուլի արդյունքներն այդ մասին են վկայում։ Երևի թե մենք նորից պետք է հավաքեն մեր աշխատանքային խումբը Կենտրանական բանկի աշխատակիցների հետ միասին և ևս մեկ անգամ անդրադառնանք այս խնդրին։ Մենք պատրաստ ենք ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար և նույնիսկ պատրաստ ենք ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին ծրագրի հաջող իրականացման համար»,- նշել է գործադիրի ղեկավարը` կարեւորելով դրա նշանակությունը։ Ըստ նրա` հնարավոր է` առաջին փուլում մարզերի համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ` տարածքային համաչափ զարգացման գերակայությունը կառավարության ծրագրերում ավելի ընդծված երեւալու համար, էապես մեղմացվեն պայմանները համայնքային հայտերի վերաբերյալ։ «Այսինքն, եթե մարզերում, համայնքներում կլինեն այդպիսի հայտեր, ապա կփորձենք ավելի արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրել։ Կտեսնենք` ինչպիսի կախվածություն կա այդ պայմանների մեղմացման միջև և հայտերի քանակի ավելացման։ Եթե զգանք, որ այդ կապն աշխատում է, ապա կփորձենք հետագայում տարածել հանրապետության ամբողջ տարածքով մեկ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նրա համոզմամբ, այս հարցը պետք է դարձնել հրապարակային քննարկման առարկա, որովհետև հասարակության մեջ հիպոթեքային ծրագրերից օգտվելու հետաքրքրությունը բավականին մեծ է։ «Բայց, չնայած դրան, իրականում, ցավոք, հազարավոր երիտասարդներ չկարողացան բավարարել ներկայիս սահմանած պայմանները։ Դրա համար, մենք, ունենալով այսպիսի չափանիշներ, խոստանում ենք ձեզ վերանայել դրանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply