Ադրբեջանի բանակում կրկին սպանդ է տեղի ունեցել. 7 զինվորականներ սպանվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2010 12:45

Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում զինվորների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Յոթ զինվորականներ զոհվել են, մի քանիսն էլ՝ վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը՝ զորանոցային ռեժիմում: Սպանվածների մեջ սպաներ էլ կան: «Բիզիմ յոլ»-ի աղբյուրը հայտնել է, որ սպանդի պատճառը սպայական անձնակազմի եւ զինվորների միջեւ առաջացած սուր վեճն է եղել: Զինվորներից մեկը հերթապահությունից վերադառնալուց հետո զորանոցում նախ կրակ է բացել սպաների, հետո զինվորների վրա: Կրակոցների աղմուկին վրա հասած զինվորականները վնասազերծել են նրան: Սպանված զինվորներից 4-ը զինվորական ծառայության են կանչվել Գուբայի շրջանից:

Ըստ աղբյուրի, Ադրբեջանի ռազմական դատախազության եւ հատուկ ծառայության մարմինների աշխատակիցները զինվորական մասում հետաքննություն են անցկացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է թերթի հրապարակած լուրը` ներկայացնելով այն որպես «սադրանք»: Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի զինվորական մասերում ոչ կանոնադրական իրավիճակների հետ կապված` դա 4-րդ զանգվածային սպանության միջադեպն է: Ժամանակ առաջ Դաշքեսանի զորամասերից մեկում զինվորները սպանել էին զորամասի սպայական անձնակազմին: Արդյունքում 6 զինվորականներ սպանվել, 5-ն էլ ծանր վիրավորվել էին:

Տարվա սկզբին Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասի զինվորները գնդակոծել եւ սպանել են զորամասի երկու սպաների, մեկին էլ` ծանր վիրավորել: Շամքիրում տեղակայված զորամասում տեղի ունեցած նույն բնույթի միջադեպում էլ 4 հոգի սպանվել էին: Վերջին երկու միջադեպերի հեղինակները դատարանի վճռով դատապարտվել են ցմահ բանտարկության:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply