Քաղաքապետարանը արգելեց համերաշխության համերգը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 19, 2010 11:36
«Մենք դե’մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հայտնում է, որ հունիսի 19-ին խմբի կողմից կազմակերպվող համերգի անցկացումը, որին պետք է մասնակցեին հայտնի կատարողներ, քաղաքապետարանի առավել քան անհիմն և օրենքի տառի հետ որևէ առնչություն չունեցող որոշմամբ ոչ նպատակահարմար է համարվել: Սույն որոշումը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ հիմք է ընդունվել ոչ թե որևէ օրենք կամ օրենսդրական ակտ, այլ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Մ. Ադոյանի 22.04.2010թ. հ. 8 գրությունը, համաձայն որի «Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը»:
Փաստորեն, սրանով նախադեպ է ստեղծվում, որով այս կամ այն «օբյեկտի» տնօրենի ցանկության վկայակոչմամբ կարելի է արգելել ցանկացած քաղաքացիական միջոցառում` հարակից հանրային տարացքներում: Սույն որոշման մեջ մենք միանշանակ տեսնում ենք քաղաքական պատվեր, քանի որ ս.թ. հունիսի 18-ին քաղաքապետարանում մեր կողմից ներկայացված դիմումի քննարկման ժամանակ խոչընդոտ էր հանդիսացել ոչ թե «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության խնդիրը, այլ սանմաքրման աշխատանքները համերգից հետո իրականացնելու հարցը: Հարկ ենք համարում նաև նշել, որ օրենքի համաձայն, նույնիսկ այս հարցով քաղաքապետարանի կողմից չէր կարող մերժում լինել:
Սույն խնդրի հետ կապված մեր հետագա գործողությունների մասին մենք կհայտնենք լրացուցիչ:
Ստորև ներկայացնում ենք քաղաքապետարանի որոշումը, իսկ կից` որոշման պատճենը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ
հեռ. 099 24 44 92, 091 20 82 69
էլ-փոստ. info@nochangeinlanguagelaw.org
կայքեր. http://www.facebook.com/home.php?#!/group.php?gid=112426852127161&ref=ts
http://www.nochangeinlanguagelaw.org
ՀՀ Երեվանի քաղաքապետարան
N 5/Ա-2265
18 հունիսի 2010
ՀՀ քաղաքացի Արամ Ապատյանին
Ի պատասխան Ձեր դիմումի հասցեագրված Երևանի քաղաքապետին, Աբովյան փողոցի հ.18 հասցեում` Մոսկվա կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ս/թ հունիսի 19-ին է 19:30 համերգ կազմակերպելու վերաբերյալ, տեղեկացնում ենք.
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետին հասցեագրված Կինոթատրոն Մոսկվա ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Մ.Ադոյանի 22.04.2010 հ.08 գրությունը, այն մասին, ոչ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ս/թ հունիսի 19-ին ժամը 19:30 նախատեսվող համերգի անցկացումը գտնում ենք ոչ նպատակահարմար:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյան






Facebook
Tweet This
Email This Post
