Կառավարության նոր աշխատանքային խումբը կփորձի ֆինանսներ ձեռք բերել Եվրազեսից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 2, 2009 16:51

mhm41945-copyՎարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը, համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ, կփորձի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ Եվրազեսի (Եվրասիական տնտեսական ընկերակցություն) շրջանակում ձևավորված հակաճգնաժամային հիմնադրամից:

Խմբում ընդգրկված են էկոնոմիկայի նախարարության, ԿԲ-ի մասնագետները, վարչապետի խորհրդականները:

«Մենք ունենք ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն, բայց, ցավոք սրտի, դեռևս չունենք այնպիսի ծրագրեր, որ կառավարության անունից կարողանանք ներկայացնել այդ հիմնադրամին»,- այսօր ասել է Սարգսյանը

Կառավարությունն առայժմ 2 ծրագիր է երաշխավորել և ուղարկել Եվրազեսին, որոնք վերաբերում են էներգետիկայի ու քիմիայի ոլորտներին, բայց, վարչապետի կարծիքով,  բավարար չեն:

Անդրադառնալով նաև հունիսի 26-ին Կապանում տեղի ունեցած արտագնա նիստի որոշումներին՝  Սարգսյանը նշել է, որ ռուսական վարկի միջոցները բաշխվել են այնպես, որ «նպաստենք մեր տնտեսության դիմադրողականության աճին և 2-րդ` այդ միջոցները կարողանանք վերադարձնել, այսինքն` վերադարձելիության սկզբունքով ենք բաշխել այդ գումարները»:

Ըստ Սարգսյանի՝ այդ միջոցների մի մասը ԿԲ-ում գործող Կայունացման հիմնադրամին է տրամադրվելու, իսկ մնացած մասը1 որպես վարկային միջոցներ` առաջնային նպատակ դիտարկելով փոքր և միջին բիզնեսի համար վարկային հնարավորությունների ընդլայնումը:

«2-րդ ուղղությունը հիպոթեքային շուկայի զարգացումն է, և հիմնադրամը, որ ստեղծում է ԿԲ-ն, հնարավորություն կունենա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ կառավարությունից»:

Սարգսյանն ասել է, որ կառավարությունը չի  կարող սահմանափակվել միայն ռուսական վարկով:

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply