Հունիսի 21-ին Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | June 19, 2010 13:00
Հունիսի 21-25-ը Ստրասբուրգում կգումարվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Օրակարգի նախագծում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցի քննարկում նախատեսված չէ, այդուհանդերձ նստաշրջանի օրերին Հայաստանին առնչվող քննարկումներ ակնկալվում են: Մասնավորապես, ԵԽԽՎ-ի բյուրոն, ըստ ամենայնի, կանդրադառնա վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրով ենթահանձնաժողովի վերականգնման հարցին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել վեհաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն, որ նաև ենթահանձնաժողովն անձամբ ղեկավարելու մտադրություն է հայտնել:
ԵԽԽՎ-ի նախագահի մայիսի 12-13-ին Երևան կատարած այցի ընթացքում նրա հետ հանդիպման ժամանակ արտախորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը դեմ էին արտահայտվել ԵԽԽՎ-ում ԼՂ-ի հիմնախնդրի հնարավոր քննարկումներին: Այցի ավարտին կայացած ասուլիսում, անդրադառնալով ենթահանձնաժողովի վերստեղծման իր նախաձեռնությանը, նա նշել էր, որ դա բխում է վեհաժողովի 2005 թ. ընդունած թ.1416 բանաձևի հանձնարարականից, և այս հարցը, ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի մահից հետո շուրջ մեկ տարի վեհաժողովի բյուրոյի օրակարգում է: Նշվել էր նաև, որ վերջնական որոշում դեռևս չկա, և ներկայումս հարցը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ ոչ պաշտոնական քննարկման ու համաձայնեցման փուլում է:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և Մևլութ Չավուշօղլուն հունիսի 11-ին Լիմասոլում (Կիպրոս ), Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում, կրկին անդրադարձել էին ենթահանձնաժողովի շուրջ ծավալվող զարգացումներին: Ըստ ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցում պետք է ցուցաբերել շատ զգուշավոր մոտեցում և անել այնպիսի քայլեր, որոնք որևէ կերպ չեն խաթարի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Օրերս հայտնի դարձավ նաև, որ ԵԽԽՎ-ի տարբեր ազգային պատվիրակությունների 34 անդամ ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու անհրաժեշտությունը» հռչակագիր: Ըստ այդմ, ենթահանձնաժողովի վերականգնմանն ընդդիմանալու քայլերը որակվում են անընդունելի և խաղաղության գործընթացին հակասող:
Այդ կապակցությամբ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ և Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 15-ին նամակ է հղել ԵԽԽՎ-ի բոլոր պատվիրակներին հետևյալ բովանդակությամբ. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ենթակայության տակ: Մինչդեռ ԼՂ-ի խնդրի կարգավորումը որևէ այլ ֆորմատ տեղափոխելը կարող է խաթարել բանակցային գործընթացը: Ուստի ԼՂ-ի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցում պետք է ցուցաբերել խիստ զգուշավոր մոտեցում: Մեր բոլորի խնդիրը մեկը պետք է լինի` չվնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը: Ժամանակին նման ենթահանձնաժողովի գործունեության անարդյունավետությունը մեզանից յուրաքանչյուրին պետք է հուշի ձեռնպահ մնալ նման կարգի անհեռանկար նախաձեռնություններից»: Ն.Զոհրաբյանը, որ անձնական պատճառներով չի մասնակցելու ամառային նստաշրջանի աշխատանքներին, նամակում նաև հույս է հայտնել, որ «ԵԽ-ն հավատարիմ կմնա իր մանդատին և չի փորձի մարդու իրավունքների, ժողովրդավարության հիմնարար արժեքներն օգտագործել որպես աշխարհաքաղաքական գործիք»:
Ինչպես զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը, ԵԽԽՎ-ի նախագահ ընտրվելուց հետո Չավուշօղլուի առաջին քայլերը ցույց տվեցին, որ նա ունի շատ կարևոր մի խնդիր` հնարավորինս ջանքեր գործադրել 2005 թ. ընդունված մեզ համար ոչ բարենպաստ թ.1416` «ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը» բանաձևի դրույթները կյանքի կոչելու համար: Ըստ պատգամավորի, ժամանակին այդ ենթահանձնաժողովի ղեկավար լորդ Ռասսել Ջոնսթոնը խոստովանել է նման հանձնաժողովի անարդյունավետությունը: Սրա հիմնական պատճառն այն է, որ բանակցությունների մանրամասներին տիրապետել և այժմ էլ տիրապետում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, լավագույն դեպքում` նաև արտգործնախարարները, ուստի հանձնաժողովականները չգիտեին, թե ինչ պետք է քննարկեն: «Բնական է, որ այս նույն մոդելը գործելու է նաև հիմա, այդ իսկ պատճառով մենք աննպատակահարմար ենք գտնում նման ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը»,-կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Իհարկե, ես պետք է ընդունեմ, որ այս ընթացքում թուրք-ադրբեջանական լոբբին ուղղակի փայլուն աշխատեց թե՛ Եվրոպայի Խորհրդում, թե՛ Եվրախորհրդարանում,որի արդյունքն եղավ թ. 2216 բանաձևը` իհարկե, ընդամենը խորհրդատվական բնույթի, բայց մեզ համար, այդուհանդերձ, անընդունելի»,-ասաց Ն.Զոհրաբյանը` հավելելով, որ հայկական կողմը լրջագույն անելիքներ ունի քարոզչական ճակատում համակարգված աշխատանք տանելու հարցում: Նրա համոզմամբ` մենք իրապես ունենք մեկ գերխնդիր` չթերագնահատել քարոզչական պատերազմի նշանակությունը: Հայկական կողմը, ցավոք, տևական ժամանակ հանդես եկել է ընդամենը պասիվ պատասխանողի դիրքերից: Ըստ նրա, այժմ փորձ է արվում գոնե ԵԽԽՎ-ի ձևաչափում շատ ավելի նախաձեռնող լինել, բայց տևական ժամանակ մեր պասիվությունը իր պտուղները տալիս է: «Մենք շատ դեպքերում մեծ կարծիքի ենք եվրոպացի պատգամավորի իրազեկության մասին: Ես կարող եմ վստահեցնել, որ եվրոպացի պատգամավորը բացարձակապես տեղյակ չէ թե՛ Ղարաբաղից, թե՛ Սումգայիթից, թե՛ Մարաղայից, թե՛ Խոջալուից, այսինքն` նրա ապատեղեկացվածությունը բաց դաշտ է քարոզչական գրոհի համար, և երբ ադրբեջանցիները համառորեն ներարկում են իրենց սուտը, և երբ դրան չի հակադարձվում փաստերով, ապա նա դա ընդունում է որպես ճշմարտություն»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Ն.Զոհրաբյանի մատուցմամբ, դատելով թուրք-ադրբեջանական լոբբիի ակտիվ քարոզչական աշխատանքից, ինքը կարող է կանխատեսել, թե ինչպիսի արդյունք կունենա բյուրոյի քվեարկությունը: «Սակայն դա մեզ չպետք է հուսահատեցնի: Ես ասել եմ` ներկայացնելով ԲՀԿ-ի դիրքորոշումը, որ մենք ունենք
շատ հստակ մեկ քայլ` բոյկոտել այդ ենթահանձնաժողովի աշխատանքները»,-
հայտնեց նա` հավելելով, թող Մևլութ Չավուշօղլուն և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները «միասին հավաքվեն, նստեն, ասեն, խոսեն, իրենք իրենց որոշումներ կայացնեն, միանշանակ է` հայկական կողմի բոյկոտի դեպքում այդ ենթահանձնաժողովի գործունեությունը դե յուրե չի կարող լինել իրավազոր»:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ընդդիմադիր ՀՅԴ-ի ներկայացուցիչ,
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն
Ռուստամյանի կարծիքով նույնպես «թող մասնակցեն, ինչ ուզում են` անեն, մենք այնտեղ չպետք է լինենք, որպեսզի լեգիտիմություն չհաղորդենք այդ բոլոր սխալ ընթացքով տեղի ունեցող գործընթացներին»: Ըստ նրա, եթե ԵԽ-ն ցանկանում է զբաղվել այդ հակամարտության հարցով, ապա «դա նշանակում է չմտնել ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատին վերաբերող հարցերի շրջանակը, այլ ստեղծել հնարավորություն, որպեսզի կողմերի միջև վստահությունն աճի»: Մյուս կողմից` ԵԽ-ն ունի արդեն ստեղծած մեկ այլ հանձնաժողով, որն ընդհանրապես զբաղվում է սառեցված հակամարտությունների կարգավորման հարցով, ուստի անհասկանալի է, թե ինչու չպետք է հարցը այս ձևաչափի մեջ տեղավորել, այլ ստեղծել ինչ-որ առանձին ձևաչափով Ղարաբաղի հետ կապված հատուկ մի հանձնաժողով:
Բյուրոյի կողմից այնուամենայնիվ որոշում կայացնելու հավանականության մասին հարցին ի պատասխան Ա.Ռուստամյանը նշեց. «Ես տեսնում եմ, որ բյուրոն կարող է ազդվել Չավուշօղլուի հանգամանքից և կատարել այն,ինչ որ Խորհրդարանական վեհաժողովի նախագահն է պահանջում»: Ըստ պատգամավորի` ակնհայտ է, որ ԵԽ-ում և ընդհանրապես միջազգային ատյաններում գործ ունենք հակահայկական քարոզչություն և քաղաքականություն իրականացնող թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:
Ամառային նստաշրջանի օրերին Հայաստանին առնչվող մեկ այլ խնդրի քննարկում նախատեսված է Մոնիթորինգի հանձնաժողովի օրակարգում: Խոսքը երկրում
ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերի կատարման ընթացքի մասին է: Վեհաժողովի գարնանային նստաշրջանում այս հարցի նախատեսված քննարկումը չէր կայացել երկու համազեկուցողների բացակայության հետ կապված տեխնիկական պատճառներով: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` հանձնաժողովում կքննարկվի համազեկուցողների ներկայացրած պահանջների վերաբերյալ Հայաստանի արձագանքը` «ճանապարհային քարտեզը»: «Ես վստահ եմ, որ այն, ինչ արվել է, բավարարելու է համազեկուցողներին»,- ասաց նա: ԲՀԿ-ական պատգամավորը, մասնավորապես, հայտնեց, որ ԱԺ-ում ստեղված աշխատանքային խումբը, որի անդամ է նաև ինքը, իրականացրել է խորհրդարանին վերաբերող պահանջներից մեկը` մշակել է ընտրական օրենսգրքի «լրջագույն բարեփոխումների» նախագիծ, որը նախատեսվում է ԱԺ-ում ընդունել մինչև աշնան ավարտը:
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով`հանձնաժողովում, ըստ անենայնի, ամբողջական քննարկում չի լինի, որովհետև չի եղել համազեկուցողների նախատեսված այցելությունը Հայաստան, այլ կներկայացվեն ընդհանուր մոտեցումներ, դիտարկումներ Հայաստանում ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերի կատարման ընթացքի մասին: «Մասնավորապես, վստահ եմ, ամենահրատապ հարցերից կլինեն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները, որովհետև դրա հետ կապված պահանջ կար, որ մրցույթն անցկացվի ԵԽ-ի չափանիշներին համապատասխան, նաև` մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, ընտրական օրենսգրքի բարեփոխման ընթացքը»,-ասաց Ա.Ռուստամյանը: Նա հավելեց նաև, որ իր տեղեկություններով` ԸՕ-ի փոփոխությունների նախագիծն իշխանություններն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով, սակայն ՀՅԴ պատգամավորներն այն չեն տեսել, և աշխատանքային խումբն էլ, ըստ էության, չի աշխատել:
Դաշնակցական պատգամավորը հայտնեց նաև, որ ինքը մտադիր է նստաշրջանում ելույթ ունենալ Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի կապակցությամբ: «Իմ հիմնական անդրադարձը լինելու է Ղարաբաղի խնդրին: Ամենակարևորը, որ ադրբեջանցիների նույն լոբբինգի հետևանքով ԵԽ-ն մի շատ սխալ գործընթացի մեջ է հայտնվել. ձևակերպումները,
որոնք ուղղակի անհարիր են ԵԽ-ի հիմնարար սկզբունքներին, տեղափոխվում են բանաձևից բանաձև: Օրինակ` վերջին բանաձևի բացատրական մասում ամրագրում են, որ ժողովրդավարական գործընթացների համար խոչընդոտ է դիտվում հակամարտության առկայությունը: Ըստ էության, ստացվում է, որ անիմաստ է հակամարտության պայմաններում մոնիթորինգ իրականացնել ժողովրդավարական մակարդակը փաստելու համար, որովհետև միշտ կարելի է ասել, թե քանի որ հակամարտություն կա, այս թերացումները և բացթողումները պայմանավորված են դրանով, ոչ թե իշխանությունների մեղքն են»,-ասաց Ա.Ռուստամյանը:
Համաձայնելով պատգամավորների կարծիքին քարոզչական ճակատում համակարգված աշխատանք իրականացնելու կարևորության վերաբերյալ, միաժամանակ պետք է նշենք, որ նույնքան ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է զերծ մնան քաղաքացիների հիմնարար իրավունքների իրականացման և մնացյալ հարցերում օրենսդրության բարեփոխումների շղարշի տակ նորանոր մերժելի քայլեր կատարելուց: Այլապես ստիպված են լինելու ուժեր վատնել սեփական սխալները «հերոսաբար» շտկելու կամ կոծկելու նպատակով, իսկ այդ ընթացքում միջազգային որևէ ատյանում կարող է ընդունվել հերթական ոչ հայանպաստ որոշումը:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
