Հակաօքսիդանտներ պարունակող լավագույն մթերքները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 22, 2010 10:06

Մենք հաճախ ենք լսում «ազատ ռադիկալներ» և «հակաօքսիդանտներ» բառերը, բայց մեզանից շատերը չեն պատկերացնում, թե ինչ են այդ ազատ ռադիկալները, ինչով են վտանգավոր, և ինչպես են դրանց դեմ պայքարում հակաօքսիդանտները:

Էներգիա ստանալու համար մեր օրգանիզմը թթվածին է այրում է: Այս այրման գործընթացի ժամանակ առաջացած կողմնակի «արգասիքները» կոչվում են ազատ ռադիկալներ: Ազատ ռադիկալներն իրենց էլեկտրոնը կորցրած մոլեկուլներն են, որոնք էլեկտրոն գտնելու նպատակով սկսում են «հարձակվել» մյուս մոլեկուլների վրա: Եթե նրանք էլեկտրոնը վերցնում են օրգանիզմի համար այնպիսի կարևոր բաղադրիչներից, ինչպիսիք են, ասենք, ԴՆԹ-ն, ճարպերը կամ սպիտակուցները, բջիջները վնասվում են, ինչը առողջության խնդիրների առաջացման պատճառ է դառնում, քանի որ խոսքը ոչ թե էլեկտրոնների եզակի փոխանակման, այլ մի ամբողջ շղթայական ռեակցիայի մասին է, որն առաջացնում է նորանոր ազատ ռադիկալներ և ժամանակի ընթացքում հանգեցնում վաղաժամ ծերացման, սիրտանոթային համակարգի և մկանային հիվանդությունների, ինչպես նաև նորագոյացությունների առաջացման: Ազատ ռադիկալները կարող են առաջանալ շրջակա անբարենպաստ միջավայրի ազդեցության պատճառով:

Հակաօքսիդանտները չեզոքացնում են ազատ ռադիկալները` տալով նրանց իրենց էլեկտրոնները և կանխելով այլ բջիջների վնասումը: Դրանց թվին են պատկանում C, E վիտամինները և բետա-կարոտինը: Երեքն էլ կարևոր դեր ունեն մեր առողջության հարցում, ուստի դրանք անպայման պետք է  ներառել մեր առօրյա  սննդակարգի մեջ:

C վիտամին են պարունակում կարմիր և կանաչ տաքդեղը, կիվին, նարինջը, թուրինջը, լոլիկը, կարտոֆիլը, կաղամբը, ելակը և այլն: E վիտամին են պարունակում գրեթե բոլոր բուսական մթերքները, բայց այս վիտամինով ամենից ավելի հարուստ է ձեթը, մանավանդ` ձիթապտղի և եգիպտացորենի: Բետա-կարոտինով հարուստ են բոլոր վառ դեղին, գազարագույն և կանաչ մրգերն ու բանջարեղենները: Օրինակ` գազարը, ծիրանը, կարմիր տաքդեղը, կաղամբը, դդումը և այլն: Հակաօքսիդանտ է համարվում նաև կանաչ թեյը, որը հարուստ է այսպես կոչված պոլիֆենոլներով: Դրանք կան նաև սև թեյի մեջ, բայց զգալիորեն ավելի քիչ քանակությամբ: Պոլիֆենոլները կանխում են ազատ ռադիկալների փոխներգործությունը ԴՆԹ-ի հետ` կանխելով նորմալ բջիջների վերածումը խոցային բջիջների:

Հակաօքսիդանտ պարունակող մթերքներ են համարվում հետևյալները.

Մրգերի և հատապտուղների մեջ առաջին տեղում են սև սալորը և  դրա չիրը, երկրորդ տեղում` չամիչը,  հաջորդ ուժեղ հակաօքսիդանտը հապալասն է, չորրորդ տեղում են մոշը, վայրի ելակը, ազնվամորին, ապա սալորը, նարինջը, կարմիր խաղողը: Լավագույն հակաօքսիդանտ մրգերի և հատապտուղների տասնյակը եզրափակում է բալը:

Բանջարեղենների մեջ առաջին տեղում է ուժեղ հակաօքսիդանտ հատկություններ ունեցող կաղամբը, երկրորդ տեղում է սպանախը, ապա լոլիկը, գազարը, բազուկը, կարմիր տաքդեղը, սոխը, բադրիջանը,  բրոկկոլին, քաղցր կարտոֆիլը:

Կարևոր է նաև հիշել, որ կան մթերքներ, որոնք նույն քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, և մի քանիսն օգտագործում ենք ավելի հաճախ և ավելի մեծ քանակությամբ, քան ուրիշները: Օրինակ` համեմունքները և լոբին մոտավորապես նույնքան հակաօքսիդանտներ են պարունակում: Բացի այդ, մասնագետները նշում են, որ այս կամ այն մրգի կամ բանջարեղենի մեջ պարունակվող հակաօքսիդանտները միշտ չէ, որ յուրացվում են օրգանիզմի կողմից:

Դիտվել է 5065 անգամ:
Print Friendly

Leave a Reply