Երբ մոտենում է սեպտեմբերը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 22, 2010 9:12

Սեպտեմբերի 4-7-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան մրցատեղի է դառնալու ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակիցների  համար: Սյդ ստուգատեսին նախապատրաստվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ի դեպ, Բաքվում կայացած այս մարզաձևի Եվրոպայի առաջնությանը պատվիրակներ չուղարկելու համար Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) արգելել է մերոնց մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կկարգավորվի, քանի որ դա չափազանց դաժան պատժամիջոց է.  ակնկալվում է, որ ըմբռնումով  կմոտենան հարցի լուծմանը: Հավանականությունը մեծ է, որ այդ կնճռոտ հարցը լուծվի խոշոր տուգանք վճարելով: Իսկ մինչ այդ մեր ըմբիշները նախապատրաստվում են և խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում փորձում իրենց կարողությունները:

Ահա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին տևական ժամանակահատված Մախաչկալայում էր: Ինչպես հայտնի է, այդ քաղաքն ունի ըմբշամարտի խոշոր կենտրոն, և մերոնք համատեղ ուսումնամարզական պարապմունքներ են անցկացրել Ռուսաստանի, Լեհաստանի, նաև Ադրբեջանի հավաքականի ըմբիշների հետ: Վերջին փաստը թող զարմանալի չթվա, քանի որ սահմանակից երկրի ընտրանին ներկայումս գրեթե ամբողջովին ներկայացնում են դաղստանցի լեգեոնականները: Իսկ գլխավորն այն էր, որ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական պարապմունքներն անցկացնելուց հետո մասնակցել է աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի միջազգային հուշամրցաշարին: Ընդ որում, այն ներկայացուցչական կազմ ուներ և մասնակցում էին տասնհինգ երկրների ըմբիշներ: Եվ քանի որ  շահագրգռող հանգամանքներ կային, ամեն քաշային կարգի  1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցնողները որպես պարգև համապատասխանաբար ստանալու էին  3 հազար, 2 հազար,  հազար դոլար, ապա եկել էին բոլոր ուժեղագույնները: Ընդ որում, ամեն քաշային կարգում հաղթող դարձած ըմբիշների մարզիչներն էլ հարստանալու էին հազարական դոլարով: Երեք քաշային կարգերի հաղթողները ստանալու էին նաև ավտոմեքենա:

Եվ այդ փորձությունում մեր երկրի ներկայացուցիչներն անմասն չեն մնացել խաղարկված պարգևներից` տիրանալով  մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալների: Երկրորդ մրցանակակիր է դարձել Մուսա Մուրթազալիևը (74 կգ): Իսկ պատվո պատվանդանի  երրորդ աստիճանին են կանգնելԳեղամ Բաբախանյանը (55 կգ) և Հաջիմուրադ Նուրմահոմեդովը (84 կգ):

Այսուհանդերձ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն այնքան էլ բավարարված չէ, այն դեպքում, երբ այս ստուգատեսին այլ երկրների հավաքականների կազմերում մասնակցած Եվրոպայի մի շարք չեմպիոններ, տիտղոսակիր մարզիկներ չեն կարողացել դառնալ հաղթող: Բաղդադյանը հայտնեց, որ  Մախաչկալայում էին մեր բոլոր ուժեղագույնները: Քաշային կարգերի մեծ մասում  մրցագորգ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի առնվազն երկու մարզիկ: Իսկ այն  քաշային կարգերում, որոնցում մրցակցություն կա թիմի կազմում ամրապնդվելու համար, մասնակցել են երեքական ըմբիշներ: Խոսքը վերաբերում է 55 կգ և 74 կգ քաշային կարգերին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհ էր 55 կգ քաշային Աշոտ Տերտերյանի մրցելույթից: Ռուսաստանից  հրավիրված այս ըմբիշը Եվրոպայի պատանիների չեմպիոն է, սակայն արդեն որերորդ մրցաշարն է, որ չի արդարացնում սպասելիքները: Բաղդադյանը չթաքցրեց, որ Տերտերյանը, հավանաբար այլևս չհրավիրվի հավաքական:  Սպասելիքները չեն արդարացրել նաև փորձառու Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) և Սուրեն Մարկոսյանը (74 կգ): Վերջին քաշային կարգում մեր երկրի պատիվն էին պաշտպանում  նաև Մուսա Մուրթազալիևը և Դավիթ Պապոյանը: Եվ մրցանակակիր է դարձել միայն մեր լեգեոնականը: Ի դեպ, նա մեկ ամիս առաջ էլ  Բուրիաթիայում  կազմակերպված միջազգային մրցաշարի է մասնակցել և նույնպես երկրորդն է ճանաչվել: Ընդ որում, Մուրթազալիևը վնասվածքի պատճառվ հանդես  չի եկել եզրափակչում, և դա կասկածելի է, քանի որ վճռական գոտեմարտում նրա մրցակիցն էր լինելու  եղբայրը` հանրածանոթ ըմբիշ Մախաչ Մուրթազալիևը:

Իսկ այս ստուգատեսում լավ է հանդես եկել նաև մեր թիմի մեկ այլ լեգեոնական` Նուրմահոմեդովը: Բաղդադյանն այն կարծիքին է, որ մրցավարները կողմնակալ վերաբերմունք են դրսևորել, և նա տուժել է: Այս քաշային է նաև մեր հավաքականի մեկ այլ օտարերկրացի ըմբիշ` Վադիմ Լալիևը: Սակայն նա, քաշի հետ կապված խնդիրներ ունենալով, ավելի ծանր` մինչև 96 կգ  կշռող ըմբիշների պայքարին  է մասնակցել և հաջողության չի հասել: Բաղդադյանն այն կարծիքին է, որ եթե Նուրմահոմեդովի փաստատթղթերի հարցերը լուծվեն, ապա նա կմասնակցի աշխարհի առաջնությանը: Ընդ որում, այս մարզիկը երիտասարդ է` 23 տարեկան: Չի բացառվում, որ Լալիևի ծառայություններից հրաժարվեն, քանի որ  նա արդեն 32 տարեկան է, և կարելի է ասել, որ  մրցագորգի վրա նրա լավագույն օրերը  անցյալում են մնացել: Արդեն տարիքն առել է նաև  գերծանրքաշային Ռուսլան Բասիևը: Նա  նույնպես 32 տարեկան է: Եվ  աստիճանաբար ավելի ու ավելի քիչ հույսեր է ներշնչում: Այս մրցաշարում էլ Բասիևը բավարարվեց 5-րդ տեղով, ընդ որում, զիջելով ադրբեջանցի իր հիմնական մրցակցին` Ալիևին: Ի դեպ 120 կգ քաշային ըմբիշների խնդիր ունեն  գրեթե բոլոր երկրների հավաքականները: Իսկ մեր վիճակը կրկնակի բարդ է այնքանով,  որ Ռուսլանը`  որպես հավաքականի թեկնածու, միակն է:

Բաղդադյանն այն կարծիքին է, որ այս ըմբիշը կարող է հաջողություն ակնկալել միայն այն դեպքում, եթե մրցումների ժամանակ վիճակահանությունը նրա համար նպաստավոր  լինի: Իսկ այսպիսի  սպասելիքների վրա հույս դնելը պարզապես լուրջ չէ: Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ 96 կգ քաշային կարգում էլ Հայաստանի հավաքականն իրականում մեկ թեկնածու ունի` Էդգար Ենոքյանը: Նա Մախաչկալայում մրսած է եղել և լավ չի հադես եկել: Մարզիչը կարծում է, որ նա էլ ունի թերություններ, սակայն մինչև աշխարհի առաջնությունը կարելի է շտկել դրանք, բացի այդ, էդգարը երիտասարդ է, և մրցափորձի ձեռքբերման հետ ամեն բան կհարթվի:

Բաղդադյանը համոզված է, որ իր սաները կարող էին Մախաչկալայում ավելի հաջող հանդես գալ, սակայն նրանցից մի քանիսն իրենց հնարավորությունները լիովին չեն  դրսևորել: Նա դժգոհ է նաև մրցավարությունից և կարծում է, որ հատկապես այդ առումով տուժել է Նուրմահոմեդովը, որ մրցաշարում երեք հաղթանակ տանելուց հետո ամենևին էլ չի պարտվել Ռուսաստանի հավաքականի առաջատարին: Ընդ որում, մեր և ռուսաստանցի ըմբիշի հանդիպման երեք մրցափուլերում էլ հաշիվը հավասար է եղել, սակայն վերջին պահին մրցավարներն աճպարարությունների են դիմել:

Թե ինչպես է դա արվում, խնդրեցինք ներկայացնել փորձառու մասնագետին: «Զեղծարարության մեխանիզմը պարզ է և բոլորին հայտնի, սակայն դրա դեմն առնելն անհնարին է: Վիճակահանության ժամանակ, որը միավոր վաստակելու համար առավելություն է տալիս մարզիկներից մեկին, կարմիր և կապույտ  գնդերը փոքր պարկում են և գրեթե չեն խառնվում: Փաստորեն, մրցագորգի մրցավարը նախապես պայմանավորված է լինում պարկը տրամադրող մրցավարական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, թե որ գույնի գունդը պարկի որ անկյունում է: Եվ մրցագորգի մրցավարը, ձեռքը պարկի մեջ մտցնելով, ձևացնում է, թե գնդերն է խառնում, սակայն ոչ մի բան էլ չի անում: Ի վերջո, մրցագորգի մրցավարը դուրս է հանում այն գունդը, որը ցանկանում է: Մախաչկալայում, ըստ մրցակարգի, պետք է պարկում 4-6 գունդ լիներ, սակայն բացահայտ միայն երկուսն էին թողել: Հայաստանից սպասարկում էր մրցավար Աշոտ Խաչատրյանը, բայց նրա հնարավորությունները սահմանափակ էին, և նա ոչինչ չէր կարող անել խմբավորումների դեմ: Ադրբեջանից երեք մրցավար կար, և նրանք համագործակցված «աշխատում էին»  դաղստանցիների հետ»,- ասաց Բաղդադյանը:

Ի դեպ,   Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն այն կարծիքն է, որ 5-րդ տեղ զբաղեցրած Արթուր Առաքելյանը  (60 կգ)  նույնպես կարող էր  մրցանակակիր դառնալ, սակայն  չեն թողել, որ նա մրցելույթի ժամանակ  սահմանված կարգով  երկու մարտավկա, օգնող մարզիչ ունենա: Մերոնց դա արգելել են այն դեպքում, երբ ադրբեջանցի չորս մարզիչ է մեկ մարզիկի  օգնել:

Ինչևէ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դեռ որոնումների մեջ է, նա խոստացավ  աշխարհի առաջնության մասնակիցների կազմը հրապարակել հուլիսի 9-11-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կազմակերպվելիք A կարգի միջազգային մրցաշարից հետո:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply