Հսկաների բախումը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 18, 2010 15:00

Հունիսի 11-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում  կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը: Յոհանեսբուրգի մարզադաշտում կկատարվի ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի Հարավաֆրիկյան Հանրապետության և Մեքսիկայի հավաքականների հանդիպումը:

Եվ ահա, մեկ ամիս շարունակ աշխարհի ուժեղագույն 32 ֆուտբոլային թիմ կպայքարի հաղթողի կոչմանն արժանանալու համար: Դժվար  է ասել, թե դրանցից որ մեկին կժպտա բախտը, քանի որ ֆուտբոլն անկանխատեսելի է: Առաջնությունը դեռ չսկսած` արդեն տեղի են ունեցել առաջին անակնկալները: Այս մարզաձևի մի շարք աստղեր տեղ չեն գտել իրենց ազգային հավաքականների կազմերում, այն դեպքում, երբ թիմերը չլուծված հարցեր ունեն:

Անկասկած, վեցերորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու լուրջ հավակնորդ են համարվում Բրազիլիայի ներկայացուցիչները: Կրկին թիմի կազմում մի շարք աստղեր են, սակայն չկա ընդգծված վառ հարձակվող: Բրազիլացիների հիմնական հույսը` Մադրիդի «Ռեալի» մարզազգեստը կրող Կական այս մրցաշրջանում այնքան էլ չի փայլում գոլ խփելու հոտառությամբ: Իր հերթին, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան այս իրավիճակում որոշել է չօգտվել հանրածանոթ այնպիսի հարձակվողների ծառայությունից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Ադրիանոն: Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Ռայմոն Դոմենեկն էլ, որ առանձնանում է իր տարօրինակություններով, որոշել է տանը թողնել հանրածանոթ ֆուտբոլիստներ Պատրիկ Վիերային, Սամիր Նասրիին և Քարիմ Բենզեմային: Հայտնի չէ, թե ինչու Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր թիմի ցուցակից դուրս է թողել  ներկայումս Անգլիայի ամենահայտնի ֆուտբոլիստին` Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտին: Աշխարհի ներկայիս չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպին թիմում  տեղ չի գտել «Միլանի» և «Վիլյառեալի» հարձակվողներ Մարկո Բորիելոյի և Ջուզեպպե Ռոսիի համար: Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, որ խոստացել է մերկ վազել Բուենոս Այրեսի կենտրոնական փողոցով, եթե իր թիմը դառնա չեմպիոն, անսպասելի հավաքական է հրավիրել արգենտինական «Կոլոնի» 30-ամյա պաշտպան Արիել Գարսեին: Այս թվարկումը կարելի է շարունակել:

Դժվար է գուշակել, թե ինչ իարադարձություններ կծավալվեն Հարավաֆրիկյան Հանրապետության խաղադաշտերում, սակայն ակնհայտ է, որ ֆուտբոլասերներն ապրումներ են ունենալու և ջերմեռանդ երկրպագելու են իրենց սիրելի հավաքականներին: Մարզասերներին ներկայացումների մի ամբողջ շարք է սպասում:

Ի դեպ, բոլոր երկրների ազգային հավաքականներն ունեն իրենց խորհրդանշական անվանումները: Ահա թե ինչ անուններ են տալիս տարբեր երկրների ընտրանիներին. Բրազիլիայի հավաքական`  «Սամբայի արքաներ», «Դեղնականաչներ», «Սելեսաո» (ընտրյալներ), «Պենտակամպեոններ» (հնգակի չեմպիոններ), Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքական` «Բաֆանա-բաֆանա» (այդ երկրում բնակվող զուլուսների լեզվով նշանակում է տղաներ), Ավստրալիայի հավաքական` «Սոքերուզ» («սոքեո» (ֆուտբոլ) և կենգուրու բառերի միացումից), Կամերունի հավաքական`

«Անսանձ առյուծներ», Ալժիրի հավաքական` «Անապատի աղվեսներ», Կոտ դ՚ Իվուարի հավաքական` «Փղեր», Գանայի հավաքական` «Սև աստղեր», Նիգերիայի հավաքական` «Գերարծիվներ», Իսպանիայի հավաքական` «Կարմիր ֆուրիա», Ճապոնիայի հավաքական` «Կապույտ սամուրայներ», Սերբիայի հավաքական` «Սպիտակ արծիվներ», Հունաստանի հավաքական` «Պիրատիկո» («Ծովահեններ»), Դանիայի հավաքական` «Դանիական դինամիտ», Իտալիայի հավաքական` «Սկուադրա աձուրա» («Երկնագույն տորմիղ»), Սլովենիայի հավաքական` «Հրեշներ», Հարավային Կորեայի հավաքական` «Տեչժուի մարտիկներ» («Մեծ սահմանի մարտիկներ»), Անգլիայի հավաքական` «Երեք առյուծներ», Մեքսիկայի հավաքական` «Էլ թրի» («Եռագույն»), Հյուսիսային Կորեայի հավաքական` «Չխոլիմա» («Ընկերներ»), Ուրուգվայի հավաքական` «Չարուաս» (մարտնչող ցեղ), «Լա սելեստե» (երկնագույններ), Հոնդուրասի հավաքական`«Կատրաչոս» (մարտնչող զինվորներ), Նոր Զելանդիայի հավաքական`«Ամբողջովին ճերմակ» կամ «Կիվի», Գերմանիայի հավաքական` «Մանշաֆտ» («Թիմ»), «Բունդեսթիմ», Պորտուգալիայի հավաքական «Ընտրյալների հավաքածու», Արգենտինայի հավաքական` «Ալբիսելեստե» (ազգային գույներն են` կապույտը և սպիտակը), Հոլանդիայի հավաքական` «Նարնջագույններ», Ֆրանսիայի հավաքական` «Կապույտներ» կամ «Աքլորներ», Շվեյցարիայի հավաքական` պարզապես` «Շվեյցարիայի ազգային թիմ» ( նախկին անվանումը՝ «Երդմամբ կապվածներ»), ԱՄՆ հավաքական`«Յանկիներ», Սլովակիայի հավաքական` «Մենապայքարողներ», Պարագվայի հավաքական` «Գուարանի» (տեղի հնաբնակների անունն է), «Ալբիրոխի» («Կարմրասպիտակներ»), Չիլիի հավաքական` «Լա ռոխա» («Կարմիր կծու պղպեղ»):

Իսկ թե որ երկրի հավաքականին կժպտա բախտը, պարզ կդառնա միայն, երբ ավարտված կլինեն առաջնության 64 խաղերը:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply