Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը և Հայաստանը – 5

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 20, 2010 9:00

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Ամեն անգամ, երբ Իսրայելի ու Թուրքիայի միջև լարվածություն կամ հակամարտություն է ծագում, հայ որոշ շրջանակներ որոշում են, որ Իսրայելը պետք է ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը, որովհետև տվյալ պահի շահը դա է թելադրում: Սա հատկապես այն դեպքում, երբ այդ լարվածության պահերին Իսրայելում կամ աշխարհի տարբեր մասերում հրեաները  Հայոց ցեղասպանության դատապարտման ու Թուրքիային պատժելու կոչեր են անում:

Իսրայելը, սակայն, այն պետություններից է, որոնք չեն առաջնորդվում պահի թելադրանքով և ռազմավարական մտածողություն ունեն: Իսրայելը շրջապատված է մահմեդական երկրներով և գոյաբանության խնդիր է լուծում. նրա պրագմատիկ ու երբեմն հարձակողական բնույթի քաղաքականությունը կոչված է շտկելու սեփական աշխարհագրական դիրքի ներկա անբարենպաստ վիճակը (և այդ ռազմավարությունն արժանի է ընդօրինակման):

Ուստի պետք է հասկանալ, որ Իսրայելի շահերից չի բխում Հայոց ցեղասպանության դատապարտումը և, սրանով հանդերձ, ըմբռնողական դիրքորոշում ցուցաբերել այդ երկրի նկատմամբ: Առավել ևս, երբ Իսրայելը մեր մեծ տարածաշրջանում այն սակավաթիվ երկրներից է, որոնք հարում են ոչ-իսլամական արժեքային համակարգին:

Իհարկե, անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգում կրոնական-քաղաքակրթական գործոնը կորցնում է իր նշանակությունը, բայց այդ նույն համակարգում գործող մյուս բաղադրիչի`  ուղղակի և անուղղակի դաշինքների (ալյանսների) համար կարևոր է: Այլ կերպ ասած` Հայաստանի համար էական է և՛ արաբական-իսլամական երկրների հետ տնտեսական-քաղաքական հարաբերությունների զարգացումը, և՛ միաժամանակ արտաքին քաղաքականության մեջ առանձին ուղղություն զարգացնելը գոնե տարածաշրջանի քրիստոնեական երկրների հետ:

Այս առնչությամբ շատերը թյուրիմացաբար ասում են նաև, թե «վրացիներն ավելի «մուսուլման» են (հասկացության բացասական իմաստով), քան, օրինակ, թուրքերն ու ադրբեջանցիները»: Վրաստանի ու վրացիների քննադատությունը նաև շաղկապվում է ջավախահայության ինքնորոշման խնդրի հետ. որոշ ազգայնականներ նաև պնդում էին, թե «պետք էր առիթից օգտվել և օգոստոսին մտնել Ջավախք»: Մի ուրիշ խումբ էլ, հայ-թուրքական հարաբերությունների «էնտուզիազմով» տարված, ասում է` «սահմանը բացվելուց հետո մեզ Վրաստանն այլևս պետք չէ» և այլն:

Բայց երբ ուսումնասիրում ես տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական վերադասավորումները, պարզ է դառնում, որ այդօրինակ գաղափարներն իրացման դաշտ չունեն, բացի այդ, կարող են իրապես վտանգավոր լինել Հայաստանի համար:

Ներկայումս ազգայնական կամ ազգասեր լինել ոչ այնքան նշանակում է խոսել պատմական հայկական տարածքների ինքնորոշման շուրջ, որքան մտածել ազգի ու պետության իրական զարգացման մասին, որը նշված հայկական նպատակների իրականացմանը հասնելու անհամեմատ ավելի մեծ ներուժ ունի: Այսինքն` ոչ թե պնդել տվյալ կամ երկրի վրա հարձակման մասին թեզը, այլ, օրինակ` այնքան զարգացնել սեփական ռազմական ներուժը, որ հայկական այս կամ այն տարածքի ինքնորոշումը դառնա օբյեկտիվ հնարավորություն:

Վրացիները, իրենց ազգայնականությամբ հանդերձ, պատմականորեն մնում են Հայաստանի հյուսիսում գտնվող գործընկեր, և կեղծ շփումներով ստեղծված պատկերացումները, թե «թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի լավն են, ցայտուն մոլորություն է: Իսկ հայ-թուրքական գործընթացը` իր հնարավոր լավատեսական արդյունքով հանդերձ, այնքան ներուժ չունի, որ հարցականի տակ դնի հայ-վրացական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Ուրեմն, Վրաստանը մնում է և դեռ երկար ժամանակ օբյեկտիվորեն կմնա Հայաստանի հիմնական դռներից մեկը դեպի աշխարհ, առավել ևս, երբ Իրանը շարունակում է մնալ անկայունության օջախ: Փաստորեն, բացի կրոնամշակութային գործոնից, Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ նաև ակնհայտ քաղաքական  նշանակություն ունեն Հայաստանի համար:

Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգում, երբ գրեթե ամեն մի երևույթ ու հարաբերություն դառնում է տեխնիկական/մեխանիկական կամ տնտեսական, զգացմունքները վատագույն գործոն են ազգի ու պետության համար: Հայ ազգայնությունը (տե’ս Դիլանյան Վահան, Ազգային պետություն ստեղծելու ճանապարհին // Դրօշակ.-2009.-Թիվ 7.- էջ 22-29) պետք է հաշվի առնի այս փաստը: Այդ հանգամանքով է բացատրվում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արբանյակներ Հրվ. Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը չճանաչելը պաշտոնական Երևանի կողմից: Ուրեմն Հայաստանին շահավետ չէ դա, կամ դրանց անկախության ճանաչումը հետևանքներ կունենա Հայաստանի պետական ու ազգային շահերի համար:

Եվ այդ նույն սկզբունքով Իսրայելը դեռևս չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետև մեծապես կսրի իրավիճակը ինչպես Իսրայելի, այնպես էլ Հայաստանի համար: Ուրեմն միայն բավարարել հոգեկան-զգայական պահանջմունքները և չնկատել հնարավոր հետևանքները, առնվազն աննպատակահարմար է ու չտրամաբանված:

Ցավոք, Հայաստանում ամեն տարի մեծ սպասումով ու անբնական ակտիվությամբ են հետևում «ամերիկյան նախագահին», թե երբ վերջապես կարտաբերի «ցեղասպանություն» բառը:

Աշխարհում բարոյականությունը վերացած չէ, ուղղակի դրա էության փոփոխություն է տեղի ունեցել. տեխնիկայի ու գիտության զարգացումը, քաղաքական գործընթացները բարոյականության փոփոխության շարժիչ ուժերն են: Մեր խնդիրը` այդ փոփոխության ընկալումն է և դրա տրամաբանությամբ շարժվելը:

Կարծում ենք` այդ փոփոխության արդյունքում կամ հետևանքով բարոյականությունը շերտավորվել է հետևյալ կերպ.

– համաշխարհային խաղաղության բարոյականություն, որը ենթադրում է քաղաքական ու այլ տեսակի լարվածությունների, պատերազմային ու կոնֆլիկտային վտանգների կանխարգելում և չեզոքացում,

– տարածաշրջանային անվտանգության բարոյականություն, որը ենթադրում է որոշակի պետությունների զարգացման (տնտեսական, քաղաքական շահերի իրացում) համար առանձին տարածաշրջաններում անվտանգության որոշակի պայմանների ու գործոնների հաստատում կամ պահպանում,

– պետության զարգացման բարոյականություն, որը ենթադրում է սեփական պետության զարգացման վերաբերյալ իրատեսական (ռեալիստական), ռազմավարական ու պրագմատիկ հայացքների ու սկզբունքների ամբողջություն:

Ակնհայտ է, որ բարոյականության նշված  երեք տեսակները կարող են բախվել իրար, և հաճախ այդպես էլ լինում է: Բայց նշված անկանոն եռաչափությամբ է ուղղորդվում աշխարհը. Հայաստանը պետք է դառնա այդ ուղղորդման լիարժեք մասնակիցը և այդ գործընթացի կարևոր շարժիչ դառնալու ներուժ ունի:

Հայաստանի խնդիրն է` առարկայական դարձնել պետության զարգացման բարոյականությունը, որն իրականում նշանակում է ոչ թե կարճաժամկետ ու պահի թելադրանքով  առաջացած զգայություններ ու պատկերացումներ, այլ դատողություններ և մտահանգումներ:

շարունակելի

Դիտվել է 2808 անգամ:
Print Friendly

Leave a Reply