Անձնագրում ռուսական որոշ կնիքներ ունեցողները Վրաստանի սահմանը հատել չեն կարողանա

Օրվա լուր | | July 2, 2009 15:43

andznagir«Այսուհետ նրանք, ովքեր անձնագրում կունենան ռուսական սահմանապահ զորքերի կողմից դրված որոշ տեսակի կնիքներ (խոսքն այն կնիքների մասին է, որ դրվում է ավտոտրանսպորտով ռուսական սահմանը հատելիս) չեն կարողանա հատել վրացական սահմանը»,-այսօր տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Գալեչյանը:

Հայաստանում Վրաստանի դեսպանատնից «Անկախ»-ին տեղեկացրին, որ եթե անձնագիրը կնիքվել է (Ռուսաստանի սահմանին) մինչև 2007 թ., ուղևորը խնդիրներ չի ունենա, բայց 2007-2009-ի դեպքում, կախված նրանից, թե ինչ կնիք է, ուղևորին կսպառնա մինչև 3 տարի ազատազրկում կամ տուգանք մինչև 5000 եվրոյի չափով, եթե հատի վրացական սահմանը:

Գալեչյանը նաև տեղեկացրեց, որ գնացքով Բաթումի մեկնելու համար այս տարի երեխաները ևս պետք է ունենան անձնագիր` ի տարբերություն նախորդ տարիների, երբ ծննդյան վկայականը բավական էր:

«Վրացական կողմը նաև սահմանափակումներ է դրել սննդի վրա. սահմանափակումների ցանկը պարզ կդառնա 2 օրվա ընթացքում»,-ասաց Գալեչյանը:

Հուլիսի 15-ին կլինի Երևան-Բաթումի գնացքի`այս տարվա առաջին ուղերթը. երթևեկության ժամանակը, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տեղեկացմամբ, մոտ կես ժամով կրճատվել է. ուղևորները Երևանից կշարժվեն շաբաթվա կենտ օրերին` ժամը 20-ին, և տեղ կհասնեն հաջորդ օրը` ժամը 16-ին:

Ուղևորության արժեքը ընդհանուր խցիկում կլինիի 9-10 հազար դրամ, իսկ մինչև 5 տարեկան երեխաների փոխադրումն անվճար է: Նորույթ է 7 հոգիանոց խցիկը` գերհարմարավետ պայմաններով` երկտեղանոց մահճակալ, խմիչքների բար, սնունդ: Ողջ խցիկի արժեքը 500 000 դրամ է:

Գալեչյանը նաև ասաց, որ ամեն ուղերթի ժամանակ ընկերությունը կարող է մինչև 500 հոգի տեղափոխել դեպի Բաթումի. 2007-ին 12.200 ուղևոր է գնացքով մեկնել Բաթումի, 2008-ին` 8. 600:

2009-ի հունվար-մայիս ամիսներին ընդհանուր ուղևորափոխադրումների հոսքը կազմել է 368. 400 մարդ, ինչը 30-40 տոկոսով բարձր է անցած տարվա ցուցանիշից:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply