Մայրության նոր դպրոց Ախուրյանում

Օրվա լուր | | June 18, 2010 11:52

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալան (ԱՄՆ ՄԶԳ) Մոր ու մանկան առողջության բարելավման ծրագիրը (ՆՕՎԱ 2) Շիրակի մարզի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում բացել է Մայրության նոր դպրոց:

Հունիսի 1-ին նմանատիպ դպրոց բացվել է Հրազդանի ծննդատանը:

ՀՀ կառավարության Հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված հղի կանանց համար նախատեսված անվճար հինգ դասերի միջոցով մայրության դպրոցը տրամադրում է խորհրդատվություն, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն ծննդաբերությանը, տեղեկություններ ծննդաբերության ընթացքի, հղիության ընթացքում առողջ ապրելակերպի կարևորության ու հետծննդյան շրջանի վերաբերյալ: Նաև խրախուսվում է ապագա հայրերի մասնակցությունը` հղիության և ծննդաբերության վերաբերյալ ընդհանուր գաղափար կազմելու, նաև կնոջն աջակցելու նպատակով:

ԱՄՆ ՄԶԳ/ՆՕՎԱ 2-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների, վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների որակի բարելավման աշխատանքներում` բուժաշխատողների վերապատրաստման, բուժհաստատությունների ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավման, որակի ապահովման համակարգի ամրապնդման, կառավարման և վերահսկման ընդհանուր համակարգի բարելավման միջոցով: Ծրագրի աշխատանքները միաժամանակ ընթանում են համայնքային և բուժծառայությունների տրամադրման մակարդակներում` նպատակ ունենալով բարելավելու բուժծառայությունների որակն ու հասանելիությունը, ապահովելու բարելավումների կայունությունը: Ծրագիրն աշխատում է Իջևանի, Ստեփանավանի, Մարտունու, Հրազդանի և Ախուրյանի շրջաններում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, առողջապահության մարզային վարչությունների, առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների և ընտրված տեղական հասարակական ու միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության շնորհիվ:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply