ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2010 1:49

Ս.թ. հունիսի 15-ին Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հանրային խորհրդում անցկացվեց խորհրդակցություն էլեկտրոնային հասարակության ձևավորման շրջանակներում ազգային համագործակցության ցանց ստեղծելու հարցի վերաբերյալ:

Խորհրդակցությանը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ա. Սադոյանը, մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վ. Կիրակոսյանը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Վարդանյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ա. Ղազարյանը, ՀԽ անդամներ, Հայկական հանրագիտարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի, ՙԳաֆեսճյան՚ արվեստի կենտրոնի, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, հայտնի գիտնականներ, ՏՀՏ ոլորտի մասնագետներ:
Բացման խոսքով հանդես եկած Ա.Սադոյանը ներկայացրեց, թե տեղեկատվության, հեռահաղորդակցության ոլորտներում առկա նվաճումները ինչ լայն հնարավորություններ են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովուրդներին, մասնավորապես հայ ժողովրդին որպես ամբողջություն ինքնակազմակերպվելու, իրենց արժանի տեղն ու դերը գրավելու աշխարհքաղաքական արդի զարգացումներում:

Նշվեց, որ ստեղծելով ազգային համագործակցության ցանց, մենք նոր հնարավորություններ կստեղծենք մեր հայրենակիցների համար, անկախ բնակության և գործունեության վայրից, իրենց մշակութային առանձնահատկությունների պահպանման, գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման համար: Համառոտ ներկայացվեց ցանցի կառուցվածքը, հիմնական էջերը, համաշխարհային այլ պորտալների հետ ինտեգրվելու և իր մեջ այլ կայքեր ինտեգրելու հարցերը:

Աստիճանական ընդլայնման սկզբունքով ձևավորվող այս մեծ կառույցի կազմավորման համար առաջարկվեց ստեղծել շահառուների խորհուրդ` նրա մեջ ներգրավելով մշակույթի, տնտեսության, ՏՀՏ ոլորտի, եկեղեցու, համազգային կառույցների, գործադիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև ցանցի ստեղծման, զարգացման, շահագործման հետ կապված ծախսերը հոգալու նպատակով ձևավորել հիմնադրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանն իր ելույթում ողջունեց նախաձեռնությունը և շեշտելով էլեկտրոնային հասարակության ձևավորման գործընթացում ազգային համագործակցության ցանցի կարևորությունը, կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու գործընթացին` հանձն առնելով ապահովել պետական մասնակցությունը ցանցի կազմավորմանը հանրային և մասնավոր հատվածների համարժեք մասնակցության պարագայում:

Իրենց ելույթներում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի, Հայ բարեգործական ընդհանուր միության, ՙՀայադարան՚ համահայկական նախագծի ներկայացուցիչները առանձնահատուկ շեշտելով նման համազգային կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, հայտնեցին գործընթացին օժանդակելու իրենց պատրաստակամությունը, առաջարկելով նաև ընդգրկել ազգային համագործակցության հետ առնչվող իրենց կողմից արդեն իսկ իրականացված ծրագրերը:

Այդ առաջարկության հետ կապված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Քուչուկյանի և ՙՍփյուռ՚ ՍՊԸ գլխավոր տնօրեն Ա. Գրիգորյանի կողմից բարձրացվեց ցանցի այցելուների համար համապատասխան այլ կայքերում զետեղված տեղեկությունների ընդհանուր դասակարգման սկզբունքներով արդյունավետ որոնման ապահովման, այլ կայքերին հղումների կիրառմամբ ցանցի աշխատանքները կազմակերպելու հարցը:

ՙGNC-Alfa՚ ՓԲԸ ներկայացուցիչ Ա. Քալանթարյանը, ՙԷկենգ՚ ԲԲԸ տնօրեն Ա. Ղուլյանը, հեռաբժշկության ոլորտի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Հ. Խաչատրյանն առաջարկեցին հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցերին և հատուկ այս հարցի վերաբերյալ հրավիրել լրացուցիչ քննարկումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը` Ա. Սադոյանը հայտարարեց, որ նախաձեռնող խումբը հանգամանորեն կուսումնասիրի ներկայացված բոլոր տեսակետները` առաջարկելով մեկ շաբաթ անց ընդլայնված կազմով գումարել հաջորդ խորհրդակցությունը, որտեղ կմշակվի հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի մշակման և առաջիկա այլ գործողությունների ժամանակացույց:

Դիտվել է 2238 անգամ:
Print Friendly

Leave a Reply