Հարկային փաթեթը տնտեսական տեռորի տպավորություն է թողել

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 22, 2009 13:47

Արա ՆռանյանԸստ Հարկերի մասին օրենքի նոր նախագծի՝ 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկություններում կառավարությունը կներդնի հարկային տեսուչներ, ովքեր անարգել կարող են հետևել ձեռանարկությունում կատարվող ցանկացած գործընթացի:

Երեկ խորհրդարանում շարունակվել է Կառավարության կողմից ներկայացված և ԱԺ պատգամավորների շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկումները: Սա մի քանի հարկային օրինագծերի նախագծերի ամբողջություն է, որը պատգամավորները կոչում են Հարկային փաթեթ:

Ըստ ՀՀ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի՝ կառավարությունն այսկերպ կփորձի վերահսկել խոշոր ձեռնարկատիրությունների իրացման ծավալները, գները և փաստաթղթաշրջանառությունը: «Այս փաթեթն ունի 2 հիմնական նպատակ, նախ` հարկային բեռի թեթևացում հակաճգնաժամային քաղաքականության նեղ շրջանակներում և երկրորդ` խոշոր կազմակերպություններում, որոնց իրացման շրջանակները գերազանցում է 4 մլրդ դրամը, հարկային հսկողության մեխանիզմների ուժեղացում: Մեր նպատակը գործարարներին խոչընդոտելը չէ, այլ նրանց օգնելը»,- մեկնաբանում է փոխնախարարը:

Այս օրինագիծը բողոքի մեծ ալիք է բարձրացրել պատգամավորների մոտ հատկապես այն բանից հետո, երբ նրանց ներկայացված փոփոխությունների մեծ մասը մերժվել է:

«Սա տնտեսական տեռոր է և Հայաստանի տնտեսությունը կտանի դեպի փլուզում: Այս օրինագծին կողմ քվեարկած ցանկացած պատգամավոր կնպաստի Հայաստանի տնտեսության քայքայմանը»,- հայտարարեց ՀՅԴ կուսակցության անդամ Կարեն Վարդանյանը:

Ըստ Սուրեն Կարայանի՝ կառավարությունը պատրաստ է ևս մեկ անգամ վերանայել պատգամավորների առաջարկները և հուսով է, որ այս օրինագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply