Սանտա Ֆե քաղաքի քաղաքապետարանը թույլ չի տվել նշել Հեյդար Ալիեւի ծննդյան օրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 17, 2010 22:18
Արտասահմանյան երկրներում Ադրբեջանի իշխանության հետ համագործակցող լոբբիստական կառույցները հերթական անգամ մերկացրել են Իլհամ Ալիեւին: Այսպես, ԱՄՆ-ում Ադրբեջանի իշխանության հիմնական լոբբիստական աջակցությունը կյանքի կոչող «The Tool Shed group LLC»-ի ազգությամբ հրեա հիմնադիր եւ ղեկավար Կեյսոն Քեչի՝ «Huffington Post» թերթի էլեկտրոնային կայքում Հեյդար Ալիեւին գովաբանող հոդվածին սուր առարկությամբ է պատասխանել «Los Angeles Times» թերթի թղթակից, «Associated Press» գործակալության Բրազիլիայի ներկայացուցչության նախկին աշխատակից Քեն Սիլվերշտայնը:
Նա նշում է, որ «Haffington Post»-ի նման էժանագին եւ զվարճալի բնույթի ինտերնետային կայքերում Հեյդար Ալիեւի եւ Ադրբեջանի համար նրա «ծառայությունների» մասին գրությունները ծիծաղ են հարուցում: Ինչպես հաղորդում է «Ազադլըգ»-ը, Քեն Սիլվերշտայնը գրում է. «Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ, Ժողճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի՝ Ադրբեջանի իշխանության իրական դեմքն արտացոլող հոդվածի՝ «The Washington Post»-ի նման ազդեցիկ թերթում հրապարակմանը որպես պատասխան «The Shed group LLC»-ի ղեկավար Կեյսոն Քեչը պատմում է ընդդիմության առաջնորդի նշած նրբերանգների միանգամայն հակառակը:
Կեյսոն Քեչը նշում է, որ Հեյդար Ալիեւն անկախություն է շահել Ադրբեջանի համար եւ եղել է այդ երկրի առաջին առաջնորդը, եւ որ նա է դուրս բերել Սովետական բանակը երկրից: Սակայն, պատմությունը կեղծել չի կարելի: Իրականությունն այն է, որ Հեյդար Ալիեւն Ադրբեջանի 3-րդ առաջնորդն է եղել: 1993 թ-ին նրա իշխանության գալու ժամանակ Ադրբեջանն արդեն երեք տարի անկախ պետություն էր, իսկ սովետական եւ ռուսաստանյան բանակի բոլոր զորամասերն ամբողջությամբ արդեն դուրս էին բերվել Ադրբեջանից: Կեյսոն Քեչի գրած հոդվածը ծառայում է Իլհամ Ալիեւի իշխանության գովազդմանը եւ այդ հոդվածը որեւէ քաղաքական նշանակություն չունի», -հայտնել է ճանաչված լրագրողը:
«Ազադլըգ»-ը նշել է, որ ԱՄՆ-ում Ալիեւների հիմնական լոբբիստական աջակցությունը կյանքի կոչող Կեյսոն Քեչը 2010 թ-ի ապրիլի 10-ին դիմել է ամերիկյան Սանտա Ֆե քաղաքի քաղաքապետարան եւ խնդրել թույլ տալ մայիսի 10-ին հանդիսավորությամբ նշել Հեյդար Ալիեւի ծննդյան օրը: Սակայն, քաղաքապետարանն այդ միջոցառումն անցկացնելու թույլատրություն չի տվել՝ պատճառաբանելով դա նրանով, որ Հեյդար Ալիեւի՝ Ադրբեջանը ղեկավարելու ժամանակաշրջանում այդ երկրում ավերվել են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Ադրբեջանում կոռուպցիոն վարչարարական համակարգ է ձեւավորվել, ինչը շարունակվում է իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիեւի օրոք: Հենց այդ պատճառով էլ Սանտ Ֆե քաղաքի քաղաքապետարանը մերժել է Հեյդար Ալիեւի ծննդյան օրը քաղաքային մաշտաբով նշելու առաջարկը:
Մեկնաբանելով քաղաքապետարանի այդ որոշումը` «Ամերիկայի ադրբեջանցիները` հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Էլմար Շահտախտինսկին հայտնել է, որ Ալիեւի ծննդյան օրը նշելը համապատասխանում է Հյուսիսային Կորեայի, Կուբայի նման դիկտատորական վարչակարգերի բնույթին: «Ազադլըգ»-ը հայտնել է, որ «The Tool Shed LLC»-ի եւ Կալիֆորնիայում Ադրբեջանի հյուպատոսության միջեւ սերտ համագործակցության մասին պաշտոնական պայմանագիր է ստորագրվել: Այդ ծառայությունների համար հյուպատոսությունը հիշյալ լոբբիստական կազմակերպությանը 4 ամիսների աշխատանքի դիմաց 35 հազար դոլար գումար է փոխանցել:
«Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակը հայտնի է բոլորին: Սակայն, ափսոս, որ արտասահմանում Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող միջոցները ծախսվում են ոչ Ադրբեջանի օգտին: Լոբբիստական եւ PR ընկերություններին փոխանցված փողերը ծախսվում են իշխանությանը գովերգելու վրա: Կեյսոն Քեչի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ նա ԱՄՆ-ում հրեական համայնքի ներկայացուցիչ է եւ 8 տարի եղել է ԱՄՆ հրեական համայնքի՝ Լոս Անջելեսի հասարակության հետ կապերի տնօրենը», -հայտնում է «Ազադլըգ»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
