Ըստ Ա. Վարդեւանյանի` Հայաստանի տարածքի 80%-ից ավելին ենթարկված է անապատացման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2010 21:12

Հայաստանի տարածքի 80%-ից ավելին ենթարկված է անապատացման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդեւանյանը: 1994թ հունիսի 17-ին ընդունված ՄԱԿ-ի անապատացման դեմ կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1997թ, իսկ 1998-ից բնապահպանության նախարարությանը ճանաչել` որպես կատարող:

2002թ-ից կա գործողությունների ազգային ծրագիր, որը, ըստ բանախոսի, Հյաաստանի համար անհրաժեշտություն է, քանի որ տարածաշրջանը, համաձայն անապատացման միջազգային չափանիշների, բնութագրվում է` որպես խիստ անապատացված. դրան նպաստում են ինչպես չորային կլիման, այնպես էլ` մարդկային գործոնն ու սոցիալական` գիտակցական ու տնտեսական վիճակը: Աշոտ Վարդեւանյանը անապատացում առաջացնող գործոններից նշեց ապօրինի անտառահատումը, անասունների գերարածեցումը, գյուղատնտեսության ոչ ճիշտ կազմակերպումը: Ըստ նրա` Հայաստանում վերջինն առավել զգալի խնդիր է, քանի որ ցանքատարածքները փոքր են: Այդ առումով գյուղատնտեսության նախարարության հետ պատրաստվում է գործողությունների համատեղ ծրագիր, որում ընդգրկված կլինեն հողամասերի կամավոր միավորման, հողատարածքների մշակման պետական ծրագրեր:

Ա.Վարդեւանյանը նշեց, որ համանման մի ծրագիր իրականացվել է Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում. արդյունքում հողատարածքները միավորելու պատրաստակամություն է հայտնել հողատերերի շուրջ 50%-ը, որի արդյունքում լուծվել է ոչ միայն անապատացման դեմ պայքարի մշակման խնդիր, այլեւ, ըստ բանախոսի, առավել դյուրին է դարձել հենց գյուղացիների գործը: Նրա տեղեկացմամբ` ութ տարիների ընթացքում իրականացվել է երկու մեծ ծրագիր` 70 հազ. դոլար արժողությամբ: Առաջինը Գառնի համայնքում ոռոգման ջրագծի վերականգնման շուրջ երկամյա ծրագիրն է, որի արդյունքում հիմա ոռոգվում է շուրջ երեք հարյուր հեկտար: Երկրորդը` Մակարավանքի սողանքի կրճատումն էր: Ա. Վարդեւանյանը նշեց, որ ստեղծված է ֆոնդ, որտեղ ընդերքշահագործողը գումար է մուծում հետագայում այդ տարածքի էկոլոգիական վերականգնման համար: Ըստ նրա` անապատացումն այն խնդիրն է, որ անհնար է դիտարկել էկոլոգիական եւ սոցիալական ընդհանուր համատեքստից դուրս:

Դիտվել է 1703 անգամ:
Print Friendly

Leave a Reply