Նորույթ. վագոնախցիկով 2-օրա հանգիստը Շորժայում կարժենա 9-10.000 դրամ
Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 2, 2009 14:35
Այսուհետ կգործի Երևան-Շորժա-Երևան հանգստյան օրերի գնացքը: Ուրբաթ օրը` ժամը 22-ից հետո, այն կշարժվի Երևան կամ Արմավիր կայարանից և 3 ժամ 10 րոպեից կլինի Շորժայում. այս մասին այսօր ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության փոխտնօրեն Մարատ Խակովը:
Հանգստյան օրերին Շորժա գնացող ուղևորը կարող է շաբաթ և կիրակի օրերին գիշերել գնացքի վագոնում, այնտեղ սնվել, իսկ կիրակի երեկոյան նույն գնացքով վերադառնալ Երևան` մեկ անձի համար վճարելով համար 9-10 հազար դրամ: (Միայն մեկ ուղղությամբ, առանց գիշերելու տոմսն արժե 380 դրամ)
Ընկերության փոխտնօրենը նաև հաղորդեց, որ կրճատվել է գրեթե բոլոր երթուղիների տևողությունը. հուլիսի 10-ից գնացքը Արմավիրից Երևան կհասնի 53 րոպեում: Ուղերթ կլինի օրական 4 անգամ, տոմսի արժեքն էլ` 300 դրամ:
Սակայն, ինչպես տեղեկացրեց ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Գալեչյանը, այսուհետ ուղևորները կվճարեն նաև բեռնափոխադրումների համար. «Մարդիկ արկղերով բեռներ են տեղափոխում. դրա պատճառով վնասվում է վագոնախցիկների ինտերիերը, իսկ կայարաններում բեռնելու և բեռնաթափելու վրա ժամանակ է վատնվում, ինչի պատճառով ուղերթի տևողությունն է երկարում»:






Facebook
Tweet This
Email This Post
