Դիմորդներն օտար լեզվին ավելի լավ են տիրապետում, քան մայրենիին. մայրենիից 20 է ստացել 2 դիմորդ, օտար լեզվից` 12

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 17, 2010 17:15

Ամռան շոգի նման թեժ քննարկումներ են ծավալվում յուրաքանչյուր միասնական քննությունից հետո: Կրքերը  գագաթնակետին հասան հատկապես հայոց լեզվի և գրականության քննությունից հետո.  թե՛ դիմորդները, թե՛ մասնագետները պնդում են, որ թեստերը  բնավ էլ նպատակ չունեն ստուգելու երեխաների գիտելիքները: Ոմանք նաև որոշ գաղտնի միտում էին տեսնում` սկսած անցողիկ շեմի  արհեստական իջեցումից մինչև հաջորդ տարվա համար դիմորդների ապահովումն այս տարվա կտրվողների հաշվին ու մայրենիի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը:

Նախորդ տարիների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ աստիճանաբար նվազում են թե՛ հայոց լեզվից և գրականությունից  քննություն հանձնողների թիվը, թե՛ բարձր գնահատականները,  համապատասխանաբար ավելանում են  դժգոհությունները թեստերից: Այսպես` 2008-ին  այդ առարկայից քննություն է հանձնել  13 643 դիմորդ, 2009-ին` 12 196, այս տարի` 10 574: 2008-ին  19,75-20 միավոր է ստացել 64 դիմորդ, 2009-ին` 20, այս տարի` 2: 2008-ին անբավարար է ստացել դիմորդների 6%-ը միայն, 2009-ին` 9,78%-ը, այս տարի` 10,89%-ը: 2008-ին գերակշռել են 12-14-ի միջև տատանվող   գնահատականները, 2009-ին միջին գնահատականը եղել է 11,4 միավորը,  այս տարի 10,98-ը:

Թե քանի բողոքարկում է եղել այս տարի, պարզ չէ. ԳԹԿ-ում նշում են, որ բողոքարկումների քանակը որակ չի բերում, ուստի և բողոքարկումների թիվը չեն հաշվարկել: «Անկախ բողոքարկումների թվից, թեստերը հանգամանալից քննարկվելու են»,- ասում է ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Քննության գնահատականների բողոքարկման օրը լեփ-լեցուն էին բոլոր քննական կենտրոնները, դիմորդները բողոքարկում էին որքան հնարավոր է շատ հարց` հույս ունենալով, որ արդյունքում իրենց գնահատականը գոնե մի քանի միավորով կբարձրանա: Ընդ որում` համատարած  բողոքարկում էին թե՛ ցածր, թե՛ բարձր գնահատական ստացած դիմորդները, ինչից կարելի է ենթադրել, որ բողոքարկումների թիվն այնքան մեծ է, որ ԳԹԿ-ն պարզապես  խուսափում է բարձրաձայնել:

Բողոքարկման հանձնաժողովի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը թեստերի բարդությունը բացատրում է նրանով, որ միայն այսպես է հնարավոր բացահայտել միջին և բարձր մակարդակի գիտելիքներ ունեցող երեխաներին: Նրա խոսքով` եթե քննության միջին գնահատականը փոքր է 11-ից կամ մեծ 14-ից, ապա կարելի է ասել, որ թեստերն անորակ են եղել և ըստ գիտելիքի մակարդակի տարբերակումը չի հաջողվել: Եվ չնայած հայոց լեզվի միջին գնահատականը ցածր է 11-ից, Մկրտչյանը նշում է, որ ամենաորակյալը հայերենի թեստերն են, և բացառված չէ, որ հետագայում էլ դիմի նույն մասնագետներին` առաջարկելով թեստեր հեղինակել:

ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը քննությունից հետո առաջացած խուճապը բնորոշում է որպես արհեստածին: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ հետքննական խուճապն անհասկանալի է համարում` նշելով, որ դիմորդների թիվը 2500-ով ավելի քիչ է, քան բուհերին հատկացված ուսումնական տեղերի թիվը: «Բոլոր այն դիմորդները, ովքեր կստանան դրական գնահատական, հնարավորություն կունենան ընդունվելու իրենց նախընտրած  բուհ: Սա բացառիկ տարի է»,- ասում է նախարարը:

Նրա խոսքով` հուլիսի 20-ից հետո կկազմվի հանրապետական մրցութային հանձնաժողովը, որը կամփոփի ԳԹԿ-ի իրականացրած  քննությունների արդյունքները, կկատարի վերաբաշխում համապատասխան  թափուր տեղերի ներբուհական ֆակուլտետների միջև, հավելյալ լրացուցիչ տեղերի բաշխում կկատարի  այն մասնագիտություններով, որտեղ մրցույթը մեծ է, և կապահովի արտոնյալ համակարգով ընդունելությունը բանակից զորացրվածների  և այլ սոցիալական արտոնություններ ունեցողների համար:

«Գուցե խուճապը գալիս է առարկայի առանձնահատկություններից: Մեր պահանջը սեփական լեզվի նկատմամբ շատ մեծ է, յուրաքանչյուր մասնագետ փորձում է մասնագիտական հմտությունների իր պատկերացումները համապատասխան դպրոցական ծրագրի վրա պրոյեկտել և ստանալ այն թեստը, որ ունենում  ենք: Եթե թեստերը  բարդ էին, ապա բարդ էին բոլորի համար,- ասում է Աշոտյանը,- Այստեղ տեսնում եմ նաև մասնագիտական դրոշը բարձր պահելու ցանկություն` ինչքան բարդ, այնքան լավ»:

Եթե մայրենիի քննությունը խուճապի ու սթրեսների պատճառ դարձավ, ապա անգլերենի քննությունից հետո լարվածությունը  կարծես մի փոքր թուլացավ: Օտար լեզվի քննության օրը բազմաթիվ ծնողներ նշում էին, որ երեխային համոզելով են քննության բերել, քանի որ երեխաները հայոց լեզվի բարդ քննությունից հետո վախենում են, որ օտար լեզուն էլ բարդ կլինի,  բայց օտար լեզվին հաջորդած մաթեմատիկայի քննության օրը ծնողները հանգիստ էին, հույս ունեին, որ մաթեմատիկայի քննությունն էլ օտար լեզվի պես հեշտ կլինի: «Կարծում եմ` ինչ-որ միտումնավոր բան կա, որ հայոց լեզվի թեստերը միշտ աբսուրդ են, իսկ օտար լեզվինը նորմալ»,- ասում է տիկին Նառան, որի դուստրը հայոց լեզվից ստացել է 10, իսկ անգլերենից` 16:

Որոշ ծնողներ էլ նշում էին, որ օտար  լեզվի քննությունը միշտ էլ հեշտ է լինում` որպես ապացույց մատնանշելով անցած տարիների փորձը: «Օտար լեզուն միշտ ավելի հեշտ է, երևի ավելի հեշտ լեզու է: Անցած տարի էլ եմ դիմորդ երեխա  ունեցել, հայոց լեզվից 14 էր ստացել, անգլերենից` 17,5, նման պատկեր է և այս տարի»,- ասում է տիկին Գայանեն, որի դուստրը Լեզվաբանական համալսարանի դիմորդ է:

Անցած տարի անգլերենից քննություն է հանձնել 7929 դիմորդ, որոնցից 103-ը ստացել են 20 միավոր, իսկ միջին գնահատականը եղել է 13,9-ը: Ֆրանսերենից  429 քննություն հանձնողից 20 է ստացել 4-ը, միջին գնահատականը 16,5 է:

Այս տարի անգլերենից քննություն է հանձնել  7454 դիմորդ, անբավարար է ստացել 8,26%-ը, մեծ մասը` 38,85%-ը, ստացել է 8-13 միավոր, գրեթե նույնքան դիմորդներ` 35,7%-ը 13,5-17 միավոր,  17,5-20 միավոր է  ստացել 17,16%-ը: 7 շրջանավարտ ստացել է առավելագույն 20 միավոր, միջին գնահատականը  13,3 է:

Գերմաներենից անբավարար է ստացել դիմորդների 5,4 %-ը, 8-13 միավոր է վաստակել 31,61%-ը, գերակշիռ մասը` 45,31%-ը, ստացել է 13,5-17 միավոր, իսկ 17,61%-ը ստացել է 17,5-20:  20 է ստացել մեկ շրջանավարտ: Գերմաներենի միջին գնահատականը 14,1 է:

Ֆրանսերենից դիմորդների 2,38%-ը միայն չի հաղթահարել դրական միավորի շեմը, 27,62%-ը ստացել է նվազագույն 8-13 միավոր, 49,77%-ը` 13,5-17 միավոր և 20,29 տոկոսը` 17,5-20 միավոր: Արձանագրվել է երկու 20 միավոր, միջին գնահատականը 14,6 է:

Իսպաներենից քննություն հանձնած 18 դիմորդներից էլ 2-ն են ստացել 20 միավոր, իսկ իտալերենից և պարսկերենից առավելագույն գնահատական չի արձանագրվել:

«Այն որ հայերենի գնահատականները անգլերենից ցածր են, չի նշանակում, թե մեր դիմորդներն օտար լեզվին մայրենիից լավ են տիրապետում»,- ասում է Աշոտյանը` հավելելով, որ դեմ է մայրենիի ու օտար լեզվի  համեմատությանը:  Ըստ նրա` մայրենիի նկատմամբ պահանջը ծրագրային, բովանդակային, կրթական պետական չոփորոշիչով  մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան անգլերենի կամ ռուսերենի նկատմամբ: Եթե անգլերենից ակնկալվում է քիչ թե շատ տարրական բառապաշար և գիտելիքներ, ապա հայերենի դեպքում ակնհայտ է, որ այդպես չէ: ս

Սակայն տարիներ շարունակ կրկնվող երևույթը` ցածր գնահատականները մայրենիից ու բարձր գնահատականները օտար լեզվից թե՛ ծնողների, թե՛ դիմորդների մեջ ձևավորել է  այն կարծիքը, որ հայոց լեզուն բարդ, խճճված  լեզու է և ավելի ցանկալի է ընտրել այնպիսի մասնագիտություն, որ հայոց լեզվից միասնական քննություն չհանձնեն: «Ինչի՞ս է պետք հայոց լեզուն:  Ամբողջ տարին երեխան գիշեր-ցերեկ պարապի, վերջում գա 8 ստանա կամ չստանա, սթրեսների մեջ ընկնի, սկսի կասկածե՞լ իր կարողությունների վրա», -ասում է տիկին Կարինեն, ում խորհրդով դուստրն ընտրել է կենսաբանի մասնագիտությունը:

Դիտվել է 2367 անգամ:
Print Friendly

Leave a Reply