Առաջիկայում գնաճի տեմպերը կնվազեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2010 16:45

Տեղի է ունեցել  ԿԲ խորհրդի նիստ, որին  մասնակցել են  ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության  ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին  գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Մակրոտնտեսական ցուցանիշների միտումները մայիսին ևս համահունչ էին ԿԲ կանխատեսումներում նախանշված ուղղություններին: Տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումն արտացոլվել է գնաճի ցուցանիշում. 12-ամսյա գնաճը նվազել է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով: Չնայած գնաճային միջավայրի պահպանման ռիսկերին՝ մոտակա ամիսներին գնաճի տեմպերը կշարունակեն նվազել` պայմանավորված արտաքին հատվածից եկող ազդակներով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2010 թ. մայիսին, նախորդ ամսվա համեմատությամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը,  նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատությամբ, նվազել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.3%: Ընդ որում,  պարենային ապրանքների գներն աճել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների  գները` 0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով:  Մայիսին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների աճով, որի նպաստումն ընդհանուր գնաճին կազմել է 0.9 տոկոսային կետ: Ծառայությունների սակագների նվազումը հիմնականում պայմանավորվել է օդային տրանսպորտի ուղեվարձի նվազմամբ:

ՀՆԱ իրական աճը հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 7.2%:

Շարունակվել է արտաքին առևտրի աճը. հունվար-ապրիլին արտահանման 64.3% աճը ձևավորվել է մետաղների միջազգային գների բարձր մակարդակի (չնայած մայիսին դրանց դոլարային գների որոշ չափով նվազմանը), խոշոր արտահանող ճյուղերին Կառավարության աջակցության, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում արտահանման կտրուկ նվազման բազային ազդեցություններով: Ներմուծումը հունվար-ապրիլին ավելացել է 24.4%-ով` հիմնականում ներդրումային ապրանքների և վառելիքի ներմուծման ծավալների ավելացման հաշվին:

Ներկայացվեցին նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Մայիսին, նախորդ ամսվա համեմատությամբ, արձանագրվել է դոլարայնացման մակարդակի նվազում. դրամով ավանդներն ավելացել են 0.1%, արտարժույթով ավանդները նվազել են 3.5%-ով: Չնայած դրան, ամսվա ընթացքում տրամադրված արտարժույթով վարկերի ծավալները գերազանցել են դրամով վարկավորման ծավալները:

Իրավիճակային  հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Քննարկվեցին գնաճի ցուցանիշի վրա մինչև տարեվերջ տնտեսության ներքին և արտաքին հատվածներից եկող լրացուցիչ ճնշումները: Գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների կանխատեսվածից ավելի բարձր հավանական աճը որոշ չափով կչեզոքացվի մասնավոր հատվածի ծախսումների նվազմամբ:

Արտաքին հատվածից եկող ազդակները գնանկումային են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի վարքագծով: Այդուհանդերձ, արտաքին հատվածում ակնկալվող զարգացումներն էապես նվազեցնում են նշված ապրանքների գների, ինչպես նաև ընդհանուր իրավիճակի վերաբերյալ կանխատեսումների հավաստիությունը:

Անդրադառնալով ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկման ներկայիս միտումների` ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցություններին, Խորհուրդը նշեց, որ ներկա անորոշությունների գերակայության պայմաններում կշարունակի հետևել իրավիճակի զարգացումներին:

Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին՝ Խորհուրդն ամփոփեց, որ թեև պահպանվում է գնաճային միջավայրը` կապված 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, մոտակա ամիսներին, գնաճի տեմպերը նվազելու են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի վարքագծով: Այս իրավիճակում Խորհուրդը քննարկեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու և 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները:

Խորհուրդը շեշտադրեց, որ առկա են անորոշություններ տնտեսության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում: Եվրոմիության անդամ որոշ երկրների պարտքային հիմնախնդիրների հետևանքների վերաբերյալ տարաբնույթ սպասումներն էապես ավելացրել են հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծի անորոշությունները: Մյուս կողմից դեռևս անորոշ է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների վարքագիծը: Հաշվի առնելով վերոնշյալը` Խորհուրդը նպատակահարմար գտավ ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխություններից և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

ԿԲ  հասարակայնության հետ  կապերի ծառայություն

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply