Ոռոգման ջուրը մեղրեցիներին կտրվի 50 տոկոս զեղչով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2010 15:35

Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 20-ի «Փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշմամբ ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մշակված ինստիտուտի զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին։

Ինստիտուտի հեռանկարային զարգացումն ապահովելու, կառավարման բարեփոխում իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն իր հաջորդ որոշմամբ տվյալ կազմակերպությունը վերանվանել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ գործող միջազգային փորձագիտական հանձնաժողովին, որին անդամակցում են տարբեր երկրների աշխարհահռչակ գիտնականներ և մասնագետներ և որը մեծ ջանք ներդրեց իր աշխատանքը հաջողությամբ կատարելու համար։ Վարչապետը նշել է, որ չնայած ծրագիրն ունի նաև ընդդիմախոսներ, սակայն հեղինակավոր հանձնաժողովը չի կասկածում, որ հետևողական լինելու դեպքում Ազգային գիտական լաբորատորիան իրոք կդառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն։

ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու, ՀՀ կառավարության N 1 շենք տեղափոխելու և վերականգնելու ծախսն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 20  մլն  դրամ։ Ավելի վաղ գործադիրը գումար էր տրամադրել Մինաս Ավետիսյանի մեկ այլ` «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը տեղափոխելու և Ջաջուռի թանգարանում տեղադրելու համար։ Դրանով իսկ որմնանկարները վերջնականապես կփրկվեն անդառնալի ոչնչացումից։ Տեղեկանալով, որ դեռևս հստակեցված չէ ևս մոտ մեկ տասնյակ արժեքավոր որմնանկարների ճակատագիրը: Վարչապետը մշակույթի նախարարությանն առաջարկել է դրանք աճուրդի կամ այլ ձևով օտարելու միջոցով տրամադրել մասնավոր այն ընկերություններին, որոնք կուզենային իրենց գրասենյակներում ունենալ Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները։ Ընդ որում, պայմանը պետք է լինի այն, որ որմնանկարները վերականգնվեն և հասանելի լինեն մարդկանց։

Գործադիրը  կայացրել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն հողամաս հատկացնելու որոշում և Արագածոտնի մարզպետին պարտավորեցրել ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել Սաղմոսավանք համայնքի վարչական սահմանում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից «Սաղմոսավանք» վանական համալիրի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանը։ Եռամսյա ժամկետում ՀՀ անունից եկեղեցու հետ կկնքվի նշված հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր։

ՀՀ կառավարությունը վերաբաշխել է 2010թ. պետբյուջեն, փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և պահուստային ֆոնդից 227  մլն 873 հազար դրամ հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետկոմին, այդ թվում` Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։

Որոշման հաջորդ կետով գործադիրը Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 4 մլն 740 հազար դրամ։

Եվս 7 մլն  դրամ է տրամադրվել միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման համար։

Կառավարությունն Արմավիրի մարզի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի N 1 բազմաբնակարան շենքի բնակիչների վերաբնակեցման` բնակարանային խնդրի լուծման նպատակով շուկայից պատրաստի բնակարան  ձեռք բերելու համար հատկացրել է 61 մլն 191 հազար դրամ։

Իր նիստում կառավարությունը քննարկել է պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքման արդյունավետության բարձրացման հայեցակարգը։ Սույն իրավական ակտի կիրառումից ակնկալվում է պետական միջոցների օգտագործման արդյունավետության, ընտանեկան նպաստի ծրագրի հասցեականության, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության մեծացում։ Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է մեկ անգան ևս բազմակողմանիորեն ուսումնասիրել փաստաթուղթը և հետո միայն ներկայացնել կառավարություն։ Կառավարության հավանությունն են ստացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի օրինակելի պայմանները։ Որոշման նպատակը հիվանդանոցներում «հաստատություն-հաճախորդ» պայմանագրի ինստիտուտի ներդրումն է, ինչը 2010թ. փորձնական կիրառություն կգտնի Երևանի, Գյումրու, Վանաձորի հիվանդանոցներում։

Կառավարությունը հաստատել է քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները, որոնք կապահովեն զենքի փոխադրման թույլտվության, ձևակերպման և անվտանգության հսկողության միջոցառումների համապատասխանեցումը ԻԿԱՕ և Եվրամիության չափանիշներին։

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply