Թողարկվել են հուշադրամներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2010 15:04

Թողարկվել են «Րաֆֆու ծննդյան 175-ամյակ», «Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե և «Լեոյի ծննդյան 150-ամյակ», «Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ», «Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակ», «Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ» հուշադրամները

«Րաֆֆու ծննդյան 175-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը  շրջանառության մեջ է մտցրել 10 000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ` նվիրված հայ նշանավոր գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Րաֆֆու (Հակոբ  Մելիք-Հակոբյան) ծննդյան 175-ամյակին:

Հուշադրամի  դիմերեսի դաշտում Րաֆֆու «Ձա՛յն տուր, ով ծովակ» ձեռագիր բանաստեղծության ֆոնի վրա պատկերված է փետուրե գրիչ և զետեղված է Րաֆֆու ստորագրությունը:  Պատկերից ներքև երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»: Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Ձախում եզրաշուրթի մոտ նշված է թողարկման տարեթիվը` «2010»:

Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված է կիսաձախ  շրջված Րաֆֆու դիմաքանդակը: Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «1835 ՐԱՖՖԻ 1888»:

Հուշադրամը  շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի  հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների  արքայական դրամահատարանում:

«Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ` նվիրված հայ նշանավոր բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին:

Հուշադրամի  դիմերեսի դաշտում պատկերված է  աշնանային տեսարան` ծառի ճյուղերի և  անձրևի տեսքով:  Պատկերից ներքև երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Մակագրության առաջին և վերջին բառերը առանձնացված են կետով:

Հուշադրամի  դարձերեսի դաշտում պատկերված  է կիսաձախ  շրջված Վահան Տերյանի  դիմանկարը, որը եզերված է գծավոր շրջանագծով: Վերևում շրջանագծի և  եզրաշուրթի միջև շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված է «ՎԱՀԱՆ ՏԵՀԱՆ VAHAN TERIAN»:  Ներքևում շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված են Վահան Տերյանի ծննդյան և մահվան տարեթվերը` «1885 – 1920»:

Հուշադրամը  շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Դիմերեսի  ուրվագծի հեղինակն է Էդուարդ Կուրղինյան, իսկ դարձերեսի`       Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

«Լեոյի ծննդյան 150-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը  շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված հայ նշանավոր պատմաբան, հրապարակախոս, գրող և գրականագետ Լեոյի (Առաքել Բաբախանյան) ծննդյան 150-ամյակին:

Հուշադրամի  դիմերեսի դաշտում գրքի պատկեր է Լեոյի ձեռագիր ստեղծագործության մի դրվագի և Արարատ լեռան ֆոնի վրա: Դաշտի ձախում եզրաշուրթի մոտ նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտի կենտրոնում հորիզոնական մեկ տողով հայերեն մակագրված է` «Հայ ժողովրդի պատմություն», որից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Աջում եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի  դարձերեսի դաշտում դիմահայաց պատկերված է Լեոյի դիմանկարը, որը եզերված է գծավոր շրջանագծով: Վերևում շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված է «ԼԵՈ LEO»: Ներքևում շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով նշված են Լեոյի ծննդյան և մահվան տարեթվերը` «1860 – 1932»:

Հուշադրամը  շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի  հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների  արքայական դրամահատարանում:

«Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը  շրջանառության մեջ է մտցրել 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված հայ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին:

Հուշադրամի  դիմերեսի դաշտում պատկերված է  Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» կտավից մի դրվագ:  Պատկերից ձախ եզրաշուրթի մոտ ուղղահայաց հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Դաշտի ներքևի ձախում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտի ներքևում եզրաշուրթի մոտ հորիզոնական անվանական արժեքի մակագրությունն է` «100 ԴՐԱՄ»:

Հուշադրամի  դարձերեսի դաշտում Վարդգես Սուրենյանցի լուսանկարի պատկերն է, որտեղ նրա մի ձեռքում վրձին, իսկ մյուսում ներկապնակ է: Դաշտի աջում եզրաշուրթի մոտ ուղղահայաց երկու տողով հայերեն և անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ» և «VARDGES SURENIANTS 1860-1921»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի  ձևավորման համար օգտագործվել  են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական  դրամահատարանում:

«Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը  շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված կրկեսի և էստրադայի հայ  մեծ արտիստ, ծաղրածու, մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանի  ծննդյան 75-ամյակին:

Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված են կրկեսի բեմը և Լեոնիդ Ենգիբարյանի կողմից կատարվող ամենահայտնի ծիծաղաշարժ կրկեսային համարի գործողության փուլերը: Դաշտի աջում նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Ամբողջը եզերված է կետավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով ներքևում նշված է անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», իսկ վերևում շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի  դարձերեսի դաշտում բացված հովանոցի ֆոնի վրա Լեոնիդ Ենգիբարյանի դիմապատկերն  է, որից աջ հորիզոնական երկու տողով մակագրված է համապատասխանաբար` «75» և «ամյակ»: Դիմապատկերից ձախ ուղղահայաց երկու տողով հայերեն և անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՌՅԱՆ» և «LEONID YENGIBAROV»:

Հուշադրամը  շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի  հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական  դրամահատարանում:

«Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը  շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված միջնադարյան պատմագրության խոշորագույն ներկայացուցիչ, հայ պատմագրության հայր` Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին:

Հուշադրամի  դիմերեսի դաշտում  պատկերված է  միջնադարյան մանրանկարչության մոտիվներով կատարված ձեռագիր խորանի առաջին էջը, որի ներքևի մասում զետեղված է Մովսես խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից մի դրվագ: Պատկերից ներքև հորիզոնական երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Ամբողջը եզերված է գծավոր կիսաշրջանագծով և ուղղահայաց գծով առանձնացված է դաշտի աջ հատվածից: Կիսաշրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Դաշտի առանձնացված աջ հատվածում ոճավորված զարդանախշի պատկեր է, որից աջ եզրաշուրթի մոտ նշված է թողարկման տարեթիվը` «2010»:

Հուշադրամի  դարձերեսի ձախ հատվածում պատմագրի հավաքական կերպարի պատկեր է` ըստ Սարգիս Պիծակի ստեղծագործության: Դաշտի աջ հատվածում պատկերված է  խորան և Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից մի դրվագ: Ներքևում հորիզոնական հայերեն մակագրված է «1600 ԱՄՅԱԿ»: Ներքևում եզրաշուրթով և կիսաշրջանագծով առանձնացված դաշտում շրջագծով հայերեն և անգլերեն  մակագրված է` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ MOVSES KHORENATSI»:

Հուշադրամը  շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի  հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների  արքայական դրամահատարանում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply