ԿԳ փոխնախարարը չի խոստանում, որ հաջորդ տարի թեստերում սխալներ չեն լինի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 2, 2009 17:18

untitled2Չնայած միասնական քննություններն ուղեկցվեցին ցածր միավորների «ջարդով», թերություններով ու վրիպակներով, Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի գնահատմամբ` այս տարվա միասնական քննություններն անցել են առանց լուրջ խախտումների: Փոխնախարարը քննական շրջանը գնահատում է բավարար:

«Տարեցտարի կփոխվեն ուղեցույցները: Ցանկացած բովանդակային փոփոխություն հայտնի կլինի բոլորին,  տարեսկզբին նաև շրջանավարտներին»,-ասաց Մկրտչյանը` հերքելով  դիմորդների գանգատները, թե թեստերը ծրագրից դուրս հարցեր են ընդգրկել:

Դիմորդների հետ պարապող դասախոսներից մեկը (ով չուզեց հրապարակել անունը) ասում է, որ մաթեմատիկայի թեստում, օրինակ, մի վարժություն  ծրագրից դուրս է եղել (լոգարիթմի վարժությունը եղել է երրորդ աստիճանի հավասարում, ինչը ծրագրից դուրս է): Ըստ նրա` թեստերը եղել են բարդ  ու խճճված պահանջներով:

Մկրտչյանն ասաց, որ դեռ չգիտեն, թե ովքեր են հաջորդ տարի կազմելու թեստերը:

Ի պատասխան դիմորդների  դժգոհություններին, թե թեստերում ձևակերպումներն անհասկանալի են, բարդ ու խճճված, փոխնախարարն ասաց, որ «ինձ  համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է 11 տարի սովորել հայերեն և չհասկանալ գրվածը»:

Այս տարի նույնպես ԿԳ նախարարությունը ծածկագրերից օգտվելու պատճառով քննախցիկից հեռացված  4 դիմորդներին թույլ է տվել մասնակացել լրացուցիչ քննությունների` Մկրտչյանի խոսքով`  «դիմորդի ճակատագրի վրա քար չգցելու համար»: Եկող տարվանից, սակայն,  բոլորին խիստ զգուշացնելու են, որ լրացուցիչ քննության հնարավորություն չի տրվելու ծածկագրերից օգտվողներին:

«Անկախի»-ի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի հետագայում խուսափեն   թեստերում այս տարի արձանագրված սխալներից, վրիպակներից, փոխնախարարն ասաց, որ «ծանր բան է խոստանալ, որ եկող տարի թեստերում վրիպակներ չեն լինի»:

Մկրտչյանն ասուոմ է, որ քննություններում արձանագրված բոլոր  խախտումները  ներկայացվել են համապատասխան կառույցներին.«Այս տարի անգլերենի ժամանակ   շատ կասկածելի դեպքեր կային (քննության ժամանակ հեռախոսով խոսել, հարցատոմսերի պատասխաններն ունենալ), հետևաբար հանձնարարություն է տրված ԱԱԾ-ին` հատաքրքրվել դրանցով»:

Այսօր 18.00-ին  ԳԹ կենտրոնում կավարտվի նաև լրացուցիչ միասնական քննությունների դիմում-հայտերի ընդունումը: Նախնական տվյալներով` բոլոր լրացուցիչ միասնական  քննություններին կմասնակցի  969 շրջանավարտ:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply