Երևանի թիվ 79 դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2010 10:52

Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Երևանի Մ.Ջանբազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դրանք ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիմնական կրթության վկայականների բախշման մատյաններում, ավարտական քննական արձանագրություններում և 9-րդ դասարանների դասամատյաններում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ առանց կրթություն ստանալու և ավարտական քննություններ հանձնելու, դպրոցում ապօրինի հաշվառված 53 աշակերտների անվամբ կազմել ու հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայականներ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Նախապատրաստված նյութերով վարչական շրջանի դատախազությունում 14.06.2010թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստի առթիվ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply