Սանկտ Պետերբուրգում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2010 21:03

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի բաժինը:

Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ նախագահը Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենա համայնքի ղեկավարության հետ, ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երեւանի ու Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը:

ՀՀ Նախագահը նաեւ ներկա կգտնվի Մարինյան համերգասրահում հայ համայնքի 300- ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավրիկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հրավիրված է Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Նշենք, որ անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում` նույն համաժողովի շրջանակներում, կայացել էր եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Դիտվել է 1988 անգամ:
Print Friendly

Leave a Reply