ՌԴ բուհերի կրթաթոշակային տեղերում 2010-2011 ուստարում կսովորի 75 ՀՀ քաղաքացի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2010 18:09

Ռուսաստանի Դաշնության բուհերում 2010-2011 ուսումնական տարում ընդունվել են Հայաստանի Հանրապետության 75 քաղաքացիներ` ներկայացված 102 հայտից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Վահե Գրիգորյանը, այս ուսումնական տարում ՌԴ բուհերում Հայաստանի ուսանողների համար տրամադրվել է 100 բակալավրի եւ մագիստրատուրայի, 15 ասպիրանտական կրթաթոշակային տեղ:

Քննության արդյունքում ասպիրանտական տեղերը լրացվել են, սակայն բարձրագույն կրթության հատվածում մնացել են թափուր տեղեր: «Ռուսաստանի բուհերում սովորելու համար հատկացված կրթաթոշակային թափուր տեղերը հայտերի ներկայացումից եւ մրցույթ անցկացնելուց հետո շատ էին մնացել, մենք որոշեցինք նորից լրացուցիչ մրցույթ անցկացնել` այդ տեղերի համար հայ ուսանողներին կրկին հնարավորություն տալով դիմելու եւ ընդունվելու»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ, բակալավրիատում սովորելու համար մրցույթն անցել են 34, մագիստրատուրայում` 19, կլինիկական օրդինատուրայում` 7, իսկ ասպիրանտուրայում` 15 դիմորդներ: Այս տարի հայաստանցի դիմորդներն առավել շատ նախընտրել են տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, բժշկական մասնագիտությունները: Բուհական կրթաթոշակի համար դիմորդները հանձնել են քննություններ 2009 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան, ըստ ընտրած մասնագիտության, անցել են հարցազրույցի փուլ:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply